Armenpress.am-ը գրում է․

Արցախի Դադիվան լեռան լանջին բազմած հրաշափառ Դադիվանք վանական համալիրը դրախտավայր է դարձել։ Քանիցս ավերումից փրկված սրբավայրում, նախնական հաշվարկներով, վերանորոգչական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2020 թվականը։ Վերականգնելու եւ գործող սրբատեղի դարձնելու նպատակով, երբ 2015 թվականի սկզբին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվեց Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, ո՛չ ճանապարհ կար, ո՛չ հոսանք, ո՛չ էլ մի անկյուն, որտեղ կարող էին նստել։ Այսօր արդեն վանական համալիրի բոլոր եկեղեցիները վերականգնվել են։
«Դադիվանքն ունի 4 եկեղեցի, 7 մատուռ։ Մատուռներից 4-ը վերականգնվել է, հինգերորդը վերականգնողական փուլում է։ Մյուս երկուսի մասին դժվար է մտածել, սարերի, անտառի մեջ է, հնար չկա, շինանյութն այնտեղ միայն ուղղաթիռով կարող ենք տեղափոխել։ Մյուս երկու մատուռները սարքելու համար էշերով ու ձիերով ենք շինանյութը տարել»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմում է տեր Հովհաննեսը։ Ասում է՝ այն ժամանակ մեծ հավատքի տեր են եղել մարդիկ, երբեմն անգամ քարերը ձեռքով են տեղափոխել, իսկ այսօր գումարով է ամեն բան որոշվում։ 
Վանական համալիրի 4 եկեղեցիներում զանգերն արդեն ղողանջում են՝ Ս. Աստվածածին Կաթողիկեն, որը այս տարվա մայիսի 7-ին վերաօծվեց, Ս. Նշանը, որտեղ 2016 թվականից ամեն կիրակի պատարագ է մատուցվում, Ս. Գրիգոր Լուսավորիչում աշխատանքներն անցյալ տարի ավարտվեցին եւ Ս. Դադի եկեղեցին, որտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Տեր Հովհաննեսը շեշտում է՝ այն, ինչ հիմա տեսնում ենք, արվել է շնորհիվ նվիրատուների։ Զուգահեռ կառուցվել են նաեւ երիցատունը, որը փլված էր լրիվությամբ, եւ մատաղատունը։ Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Դադիվանքի տարածքում այս պահին մեծ հենապատ է կառուցվում՝ 100 մետր երկայնքով։ Սողանքներից պետք է փրկեն եկեղեցու արեւելյան կողմը։ 
«Նաեւ մեքենայի ճանապարհն ենք սարքում, նախկինում ամբողջը ձոր էր։ Ինչպես տեսնում եք, եկեղեցին զառիվայր է, գտնվում է թեքության վրա, մարդիկ դժվարությամբ են վերեւից իջնում։ Շինանյութը կա, աստիճաններ պիտի սարքենք։ Նաեւ նպատակ ունենք մոմատունը թանգարան դարձնել։ Ամենակարեւոր բանը, որ արվեց՝ վանքն ամբողջությամբ ցանկապատելն ու պարսպապատելն էր»,-ընդգծեց տեր Հովհաննեսը։
Դադիվանքի վանահայրը շեշտում է՝ այս պահին հրատապ կառուցման անհրաժեշտություն ունեն հենապատը, թանգարանը, աստիճանները, եւ մատուռը, իսկ գումարը, ինչպես միշտ, չի բավականացնում։ «Եթե բարերարներն իրենց նվիրատվությունը բերեն, շինարարությունը կավարտենք ավելի սեղմ ժամկետներում»,–ասաց հոգեւոր հայրը։ Թանգարանում ցուցադրելու շատ բան ունեն։ Շինարարական աշխատանքների ընթացքում բազմաթիվ ուշագրավ իրեր են գտել, միջնադարով թվագրվող խաչքարեր, կավե ամաններ, աշխատանքային գործիքներ… «Այս ցակատը, որ գտանք անցյալ տարի, 300 տարվա պատմություն ունի։ Նախատեսված է ցախ կտրելու համար։ Պատկերացրեք՝ այն 300 տարեկան է, իսկ Ադրբեջանը 98 տարվա պատմություն ունի։ Իրենք ասում են՝ իրենցն է»,-ծիծաղելով նշում է տեր հայրը։ Ըստ նրա՝ վանական համալիրն ամբողջությամբ կվերականգնվի ամենայն հավանականությամբ մինչեւ 2020 թվականը։
Հիշում է՝ երբ առաջին անգամ մտավ Դադիվանք, որմնանկարները մրի ու ծխի մեջ չէին նշմարվում։ 1920-ականներին, երբ Արցախի բոլոր եկեղեցիները, այդ թվում նաեւ Դադիվանքը, փակվում են, 1950-ականներին սրբավայրում վերաբնակեցվում է մի թուրք ընտանիք։ Ընտանիքի հայրը ազգությամբ քուրդ է եղել։ Ապրելով հենց եկեղեցու ներսում՝ ամեն երեկո կերակուր պատրաստելու, տաքանալու նպատակով խարույկ են վառել տաճարի կենտրոնում։ Որմնանկարները, որոնք ավելի քան 700 տարվա պատմություն ունեն, ամբողջությամբ խամրել են ու մրով պատվել։ 
«Գրեթե չէին երեւում։ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ ադրբեջանցիները եթե տեսնեին այդ որմնանկարները, անպայման կքանդեին։ Փառք Աստծո, այսօր դրանք պահպանված են։ Եկեղեցին 1920—ական թվականներից չէր գործում։ Անասունների հետ այստեղ եկած քուրդը կենդանիներին պահել է խցերում, ինքն էլ ընտանիքով ապրել եկեղեցու ներսում։ Վանական համալիրը ազատագրելուց հետո Պարգեւ սրբազանի հետ մտանք Դադիվանք ու տեսանք այս հրաշքը։ Հենց այդ օրվանից սկսեցինք եկեղեցու վերականգնողական աշխատանքները»,–պատմում է տեր հայրը։
Ըստ ավանդության՝ վանական համալիրը հիմնադրվել է 1-ին դարում՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում։ Դադիվանքը համարվում է միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը։ Բաղկացած է եկեղեցիներից, գավիթ—ժամատնից, զանգակատնից, սունասրահից եւ հարակից այլ կառույցներից՝ հյուրատուն, հնձան, մառան, սեղանատուն, խոհանոց եւ այլն։ Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ Դադիի եկեղեցում է ամփոփված Դադի սրբազանը, որի դամբարանը կառուցվել է ավելի վաղ, քան Դադիի եկեղեցին։ 
Տեր Հովհաննեսի խոսքով՝ դամբարանախցում ամփոփված անձնավորությունը հենց սուրբ նահատակ Դադին է, որը, ըստ ավանդության, դամբարանախցում ամփոփվել է ամբողջությամբ, գահին նստած վիճակում, դեմքով դեպի արեւելք։

Լիանա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել