Կալինինգրադի շրջանում արտասովոր մի վայր կա, որը միաժամանակ շատ գեղեցիկ է։ Պարող անտառը հայտնի և խորհրդավոր տեսարժան վայր է, որը շրջապատված է առասպելներով և սնահավատություններով։ Ծառերի բները կարծես պարելիս լինեն, և նման «պահվածքի» պատճառը մինչ օրս հստակորեն պարզված չէ։ Այս անտառը, որը մտնում է ազգային պարկի կազմի մեջ, գրավում է զբոսաշրջիկներին և լուսանկարիչներին։

Անտառը հայտնվել է 1961թ.։ Այն արհեստականորեն աճեցրել են ավազը ամուր պահելու համար։ Անցել է ավելի քան կես դար, և այս ընթացքում տնկված ծառերը շատ տարօրինակ տեսքով են աճել։ Պատճառը բացահայտելու համար մինչ օրս տանջվում են գիտնականները։ Ինչքան խորանում են անտառի տարածքում, այնքան արտասովոր տեսք են ծառերը ձեռք բերում։

Հատկապես զարմանալի է այն, որ անտառում գրեթե երբեք չի լսվում թռչունների դայլայլ, ու չեն հանդիպում կենդանիներ։ Իսկ մադիկ, ում հաջողվել է այցելել այստեղ, խոստովանում են, որ տաօրինակ զգացողություններ են ունեցել։ Այցելուներից մեկն էներգիայի մեծ հոսք է զգացել, մյուսը, ընդհակառակը, գլխացավեր ու հոգնածություն։ Առավել սարսափելի է այն, որ անտառում քար լռություն է տիրում, որը միայն երբեմն խախտում են այցելուների խմբերը։

Հարկ է նշել, որ ազգային պարկի մյուս հատվածներում ծառերն աճում են բնական տեսքով։

Թե որն է այս երևույթի պատճառը, գիտնականները միասնականորեն չեն կարողանում պարզել։ Ըստ վարկածներից մեկի՝ դեֆորմացիային կարող էին նպաստել բնական երևույթները՝ քամու ուղղության կտրուկ փոփոխությունը, ջերմության նվազումը։ Իսկ ոմանք պնդում են, որ այս հարցում մեղավոր են վտանգավոր միջատները, որոնք մի ժամանակ բնակվել են անտառում և վնասել են ծառերը։

Միստիկայի սիրահարներն ունեն իրենց վարկածները։ Համաձայն դրանցից մեկի՝ ծառերի վրա ազդեցություն են ունեցել որոշ քիմիկատներ, որոնք տարածել են գերմանացիները Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Ըստ այլ տարբերակի՝ հնում այստեղ աճում էին կաղնիներ, և տեղի հեթանոսներն այդ ծառերը համարում էին սուրբ։ Նրանք այնպես էին երկրպագում ծառերին, որ մի անգամ քրիստոնյա առաքյալի սպանել են, քանի որ վերջինս անհարգալից վերաբերմունք է ցույց տվել ծառերի նկատմամբ։

Իսկ ահա էկոլոգները խուճապի մեջ են։ Նրանք ուշադրություն են դարձնում այն բանին, որ ծառերը խնամք են պահանջում։ Մասնավորապես՝ անտառում քայլել թույլատրվում է միայն հատուկ ստեղծված արահետներով։ Ադմինիստրացիան խնդրում է այցելուներին չդիպչել ծառերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել