Ռոմեոյի և Ջուլիետի՝ երիտասարդ սիրահարների մասին պատմությունը պատահական չի ստեղծվել։ Ավելի քան հավանական է, որ Ուիլյամ Շեքսպիրը ոգեշնչվել է Տերուելի սիրահարների ռոմանտիկ առասպելից, ավելի ճիշտ՝ ոչ թե առասպելից, այլ իսպանական այդ փոքրիկ քաղաքի պատմության մի հատվածից, քանի որ ամեն ինչ տանում է նրան, որ իրականում նման դեպք տեղի է ունեցել։

Իսպանական Ռոմեո և Ջուլիետ

Ամեն ինչ տեղի է ունեցել 13-րդ դարում՝ շատ վաղ այն բանի համար, որ պատմությունը թղթին հանձնվեր առանց փոփոխությունների և բերանից բերան չանցներ։ Անգամ անունների մեջ անորոշություն կա. եթե աղջկա անունը խնդիր չի առաջացնում, ապա տղային մե՛կ անվանում էին Խուան, մե՛կ Դիեգո, երբեմն էլ՝ Խուան-Դիեգո։

Տերուելն Իսպանիայի Արագոնա թագավորության քաղաքներից մեկն էր, որտեղ երկու ունևոր ընտանիք կար՝ դոն Սեգուրիի ընտանիքը, ում դուստրը Իսաբելն էր, և դեն Մարսիլիայի ընտանիքը, ում որդիներից մեկին անվանում էին Դիեգո։ Երիտասարդն ու աղջիկը մանկուց կապված էին իրար հետ և մեծանալով սիրեցին իրար։ Դիեգոն Իսաբելին առաջարկեց իր կինը դառնալ։ Աղջիկը համաձայնեց՝ պայմանով, որ ծնողների օրհնությունը պետք է ստանան։

Սակայն փեսան, որը եղբայրներից ավագը չէր, հետևաբար չէր կարող ժառանգել ընտանեկան կարողությունը, հարսի հոր աչքերին ոչ արժանի թեկնածու էր իր դստեր համար, ու նա իր թույլտվությունը ամուսնության համար չտվեց։ Ըստ այլ վարկածի՝ Դիեգո դե Մարսիլիայի ընտանիքն ընչազուրկ էր, այդ իսկ պատճառով աղջկա ընտանիքը կողմ չէր նրանց հետ բարեկամական կապ հաստատելուն։

Այդժամ Դիեգոն որոշեց այլ երկրներ գնալ՝ փառք ու հարստություն որոնելու։ Նա աղջկա հորը խնդրեց իրեն ժամանակ տալ՝ 5 տարի, որի ընթացքում Իսաբելը չի ամուսնանա այլ տղայի հետ։ Դոն Սեգուրան համաձայնեց։

Դիեգո դե Մարսիլիան ուղևորվեց՝ կռվելու մավրերի հետ. դեռ 8-րդ դարում Պիրենեյան թերակղզում պայքար էր ընթանում իսպանական հողերը վերադարձնելու համար։ Երիտասարդը կարողացավ հարստություն ու փառք կուտակել. անգամ փրկեց հենց թագավորի կյանքը։ Պայմանավորված ժամկետի վերջում Դիեգոն վերադարձավ հայրենի Տերուել՝ սիրելիի մոտ, որպեսզի վերջապես ամուսնանա նրա հետ։

Սակայն, ըստ պատմության մի քանի տարբերակների, երիտասարդը կա՛մ սխալվել էր իր հաշվարկներում, կա՛մ մեկ այլ գեղեցկուհի գերել էր նրան և ամեն կերպ փորձում էր պահել իր կողքին։ Դիեգոն Տերուել հասավ այն օրը, երբ նրա սիրելին արդեն ամուսնացել էր։ Հայրը դստերը կնության էր տվել հարևան Ալբարասին քաղաքի հարուստ դոն Ռոդրիգոյին։ Իսկ Իսաբելը, սիրելիից լուր չստանալով, վստահ էր, որ նա մահացել է, այդ իսկ պատճառով պայմանավորված ժամկետի ավարտին զիջեց հոր կամքին ու համաձայնեց հարուստ հարևանի կինը դառնալ։

Նույն գիշերը Դիեգոն այցելեց Իսաբելի տուն և խնդրեց նրանից ընդամենը մեկ համբույր, սակայն մերժում ստացավ. չէ՞ որ աղջիկն արդեն ուրիշին էր պատկանում։ Ամեն ինչ կործանված էր։ Երիտասարդի սիրտը չդիմացավ վշտին, և նա մահացավ սիրելիի ոտքերի տակ։

Դիեգոյի հուղարկավորությանը Իսաբելը ներկա էր հարսանեկան զգեստով։ Նա մոտեցավ հանգուցյալի մարմնին, խոնարհվեց ու համբուրեց Դիեգոյի շուրթերը՝ կատարելով վերջինիս խնդրանքը, սակայն ուշացած։ Վայրկյաններ անց աղջիկը մահացավ։

Քաղաքացիները, եկեղեցու համաձայնությամբ, սիրահարներին միասին թաղեցին, որպեսզի նրանց մյուս աշխարհում միավորվելու հնարավորություն տան։

Առասպե՞լ, թե՞ իրականություն

Այս պատմությունը փոքր-ինչ փոփոխված տարբերակով պատմել է Ջովաննի Բոկաչչոն իր հայտնի «Դեկամերոն»-ում, որը գրվել է 1352-1354 թթ.։ Այդ ստեղծագործործության մեջ երիտասարդներին անվանում էին Ջիրոլամո և Սալվեստրա, իսկ սյուժեն լի էր էրոտիկ բնույթի բազմաթիվ դետալներով։

Կան վկայություններ, որ քաղաքային արխիվներում պահպանվում է գրություն, որը հաստատում է Դիեգոյի և Իսաբելի հետ կատարվածի իսկությունը։ Իսկ 16-րդ դարի կեսերին Սան Պեդրո եկեղեցու տարածքում հայտնաբերվել են երկու երիտասարդների մումիֆիկացված դիեր, որոնք միասին են թաղված եղել քաղաքային ժամատներից մեկում։

Ավելի ուշ մարմինները սկսեցին ժամանակ առ ժամանակ ցուցադրել հանրությանը։ Սա ավանդույթ դարձավ և գործեց մինչև 20-րդ դարը։

Իսկ 1955 թ. Սան Պեդրո եկեղեցու կողքին կառուցվեց սիրահարների դամբարանը, և ճարտարապետ Խուան դե Ավալոսը մարմարե սարկոֆագներ պատրաստեց, որոնցում տեղադրվեցին հանգուցյալների մնացորդները։ Սարկոֆագների կափարիչներին փորագրված են աղջկա և տղայի կերպարները, որոնք իրար մեկնում են ձեռքերը, սակայն չեն հասնում, քանի որ իրական կյանքում Իսաբելն այլ տղամարդու էր պատկանում։

Սիրահարների տոնը Տերուելում

Այսօր սիրահարների դամբարանը գրավում է աշխարհի բոլոր անկյուններից եկած զբոսաշրջիկներին։ Ամեն տարի քաղաքում նշվում է տոն՝ նվիրված Դիեգոյի և Իսաբելի սիրուն ու մահվանը։ Ավանդույթը սկիզբ է առել 1996 թ. բնակչուհիներից մեկի՝ Ռաքել Էստեբանի կողմից, ով երկար տարիներ ապրել է հայրենի Տերուելից հեռու, և վերադառնալով ցանկացել է այնտեղ մի տոն կազմակեպել, որը աշխարհին կներկայացնի սիրո գեղեցիկ պատմությունը։

Ամեն տարի փետվարյան մի քանի օրվա ընթացքում քաղաքը հսկայական ներկայացման վայր է դառնում։ Դրա ընթացքում միջնադարյան փողոցներում մարդիկ հին հարսանեկան զգեստներ են հագնում, ապա թաղման ներկայացում կազմակերպում՝ պատմությունը վերստեղծելով։

Դիեգոյի և Իսաբելի դերակատարներին ընտրում են մանրամասնորեն, քանի որ ներկայացմանը մասնակցել ցանկացողների թիվը միշտ շատ մեծ է լինում։ Չնայած համեստ չափսերին՝ քաղաքն այսօր ունի 35 հազար բնակիչ, սակայն տոնակատարության օրերին տարբեր քաղաքներից հազարավոր զբոսաշրջիկներ են Տերուել այցելում։

Բացի բուն գործողության ներկայացումից՝  այս օրերին նաև անց են կացվում կոստյումների ցուցադրություններ, հին երաժշտության համերգներ, գրական մրցույթներ՝ նվիրված տերուելյան սիրահարներին։ Քաղաքում տիրում է միջնադարյան մթնոլորտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել