Armenpress.am-ը գրում է.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 16-ին  ընդունեց Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանին (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և նրանց մարզիչներին:

Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Քաղաքապետն այնուհետև խոսեց մարզական ոլորտին առնչվող ծրագրերի մասին՝ մասնավորապես առանձնացնելով Գյումրիում սպորտային համալիր ունենալու ծրագիրը, ապա խոսեց այդ և մի շարք այլ ուղղություններում առաջիկա անելիքների մասին: «Ես հպարտանում եմ ձեզանով: Գյումրին ևս մեկ անգամ ապացուցեց, որ  մարզական քաղաք  է. սա այն քաղաքն է, որ իսկապես արժանի է մարզական մեծ համալիր ունենալու»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով մարզիչներին, որոնց ջանքերի շնորհիվ նույնիսկ  տարրական պայմաններից զուրկ մարզադահլիճներում նման արդյունքներ  են ստացվում: «Ես վստահ եմ, որ առաջիկայում ևս հաջողություններ կունենանք»,- հավելեց Սամվել Բալասանյանը: 
Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, խոսեցին սպորտի ոլորտում առկա խնդիրների մասին, քննարկեցին ու առաջ քաշեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ, ապա նաև խոստացան հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: «Այս  քաղաքում իրոք  պետք է մարզական մեծ համալիրը, որը կծառայի ի շահ քաղաքի և  հանրապետության: Հատկապես այս  շոգ ամիսներին  հավաքները կարելի է  Գյումրիում կազմակերպել, ինչն ավելի արդյունավետ կլինի»,- նշեց վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել