Ուորիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները անմխիթարական բացահայտում են արել։ Պարզվում է՝ անհաս երեխաների մոտ երեք անգամ բարձր է այդպես էլ իրենց իսկական սիրուն չհանդիպելու ռիսկը, և երկու անգամ բարձր՝ ողջ կյանքում կույս մնալու հավանականությունը։

Գիտնականները վերլուծել են 21 հետազոտություն, փորձարկվողների ընդհանուր ընդգրկումը կազմել է 4.4 մլն մարդ։ Պարզվել է, որ հղիության մինչև 37-րդ շաբաթը ծնված մարդիկ 28 տոկոսով ավելի հազվադեպ են մտել ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ Պատճառը, փորձագետների կարծիքով, նրանց ամթոխածությունն է, ռիսկի դիմելու պակաս հակվածությունը և «սոցիալական անվարժությունը»։

Հետազոտության ղեկավար Մարինա Գուլարթ դե Մենդոնսան (Marina Goulart de Mendonça) նշում է. «Մինչ այդ հայտնաբերվել էր, որ անհաս երեխաների մոտ մանուկ տարիքում պակաս ակտիվ են սոցիալական կապերը։ Դա իր հերթին դժվարացնում է գործընկերոջ որոնումը, այնինչ հենց հարաբերություններն են դրականորեն ազդում առողջության, երջանկության և կյանքի որակի ցուցանիշների վրա»։

Հետազոտության արդյունքները մխիթարական չեն. անհաս ծնվածների պարագայում շանսերը, թե ծնողներ կդառնան, նվազում են 22 տոկոսով։ Անձնական կյանքում հատկապես դժբախտ են հղիության 32 շաբաթից շուտ ծնվածները։ Չափազանց անհաս երեխաները (որոնք ծնվել են հղիության 28 շաբաթից շուտ) 3,2 անգամ հազվադեպ են զբաղվել սեքսով մեծ տարիքում։

Անհասությունը հաճախ զուգորդվում է վեհերոտության, սոցիալական պարփակվածության և չափից ավելի շատ ինքնավերահսկման հետ։ Այս գործոնները, գիտնականների կարծիքով, կարող են բացասաբար անդրադառնալ հասակակիցների հետ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման վրա։ Չի բացառվում նաև այն, որ բացասական դեր են խաղում նաև անհասության հետևանքով առաջացող կոգնիտիվ խնդիրները։

Այս առնչությամբ հետազոտողները կոչ են անում ծնողներին և հանրակրթական հաստատությունների մասնագետներին խրախուսել ժամանակից շուտ ծնված երեխաներին ակտիվ շփումներ ունենալ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել