Մեծ Բրիտանիայի Գրեյթ Օրմոնդ-Սթրիթ հիվանդանոցի բժիշկները բաժանել են պակիստանցի սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: Այս բժշկական հաստատության վիրաբույժներն արդեն երկու նմանատիպ վիրահատություններ են անցկացրել, սակայն երրորդը ամենաբարդն էր, քանի որ աղջիկների՝ Սաֆայի և Մարվայի գլուխները սերտաճել էին անսովոր S-աձև դիրքով, հաղորդում է BBC-ին:

BBC-ի փոխանցմամբ՝ երկվորյակների գանգը նման է եղել երկար խողովակի, որի մեջ տեղադրված էին երկու տարբեր ուղեղներ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ուղեղի աջ կիսագունդը մխրճված է եղել մյուսի ուղեղի խոռոչի մեջ:

Հղիության պահին երկվորյակների մայրը՝ Զայնաբ Բիբին արդեն յոթ երեխա ուներ: Ծննդաբերությունից երկու ամիս առաջ նրա ամուսինը մահացել է: Կինը երկվորյակներին բաժանելու վիրահատության համաձայնություն է տվել դրա հնարավորության դեպքում:

Վիրաբույժները նշել էին, որ նման վիրահատությունը ցանկալի է իրականացնել մինչև երեխաների մեկ տարեկան դառնալը: Բայց ֆինանսական օգնության հետաձգման պատճառով աղջիկներին հնարավոր եղավ Լոնդոն տեղափոխել միայն 19 ամսականում:

Երեխաների բաժանման վիրահատությանը մոտ հարյուր մարդ է մասնակցել՝ բժիշկներ, բիոինժեներներ, վիրտուալ իրականության դիզայներներ: Վիրաբույժների հիմնական խնդիրն էր բաժանել երկվորյակների անոթների և զարկերակների ընդհանուր բարդ ցանցը: Դրանց վնասումը կարող էր ուղեղի հյուծման և ինսուլտի վտանգի հանգեցնել:

Առաջին վիրահատությունը տևել է 15 ժամ և հաջող է ընթացել. բաժանվել են զարկերակային կապերը: Երկրորդ վիրահատությունը տեղի է ունեցել երկու ամիս անց և տևել է 20 ժամ, բժիշկները պետք է բաժանեին երակները: Այս անգամ վիրահատության ժամանակ արյունահոսություն է սկսվել, որը Սաֆայի մոտ ինսուլտի է հանգեցրել: Աղջիկը ողջ է մնացել, բայց բժիշկները չեն նշում, թե դա ինչպես կանդրադառնա նրա և քրոջ հետագա զարգացման վրա:

Փետրվարին երկվորյակները վերջնականապես բաժանվել են: Բժիշկները յոթ ժամ զրոյից հավաքել են երեխաների գանգը:

«Բաժանումը միայն սկիզբն է: Այժմ թիմը պետք է աղջիկների գանգերին կլոր տեսք տա՝ օգտագործելով նրանց ընդհանուր խողովակի տեսք ունեցող գանգի մնացորդները, այնուհետև լրացուցիչ աճեցված մաշկով փակի այն»,- հաղորդում է պարբերականը:

Չորս ամսվա ընթացքում բժիշկները կարողացել են զգալիորեն բարելավել երեխաների կիսագնդերի խեղաթյուրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել