168.am-ը գրում է.

Հայաստանում տարբեր շրջանակներում կրկին քննարկում ու դիտարկում են իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դարձնելու տարբերակը:

Իրանից Հայաստան սպառման գազ ձեռք բերելու հնարավորության մասին բարձրաձայնել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարելով, թե Հայաստանն Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իրատեսական չի համարում իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դիտարկելը, քանի որ, ըստ նրա՝ իրանական կողմը սահմանին չի կարողանա առաջարկել ռուսական գազի հետ մրցունակ գին. «Այս պահի դրությամբ  ավելի շատ դրա շուրջ խոսակցություններն են, քան մենք գործ ունենք իրական հնարավոր գործարքի հետ, ընդ որում,  կողմերը՝ թե՛ հայկական, թե՛ իրանական, դրա մասին արտահայտվում են բավական զգուշավորությամբ»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում 2018թ. նոյեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին Գարեգին Բաղրամյանը, խոսելով գազի այլընտրանքային աղբյուրների մասին, ասել էր, որ Իրանից գնային առաջարկ չի եղել, եղել է իրանական ընկերությունների կողմից, սակայն իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ թանկ է ստացվում:

Իրանական գազի՝ Հայաստան մուտք գործելու մեկ այլ տարբերակի՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» հայտնի գործարքին անդրադառնալով՝ Վ. Ոսկանյանը նշեց.

«Իրանական գազի ծավալների ավելացումը դեպի Հայաստան նախատեսվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» հայտնի գործարքի շրջանակներում:  Մենք, որպեսզի  կարողանանք ավելացնել Հայաստան մտնող իրանական գազի ծավալները, այս գործարքի սահմաններում պետք է շահագործման հանձնենք Հայաստանն Իրանին կապող երրորդ բարձրավոլտ  էլեկտրագիծը,  իսկ դա, կարծեք թե, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ընթացքում»:

Ըստ իրանագետի՝ հայկական կողմը մեկ այլ հարթության վրա  հաջողության հասնելու շանսեր ունի, որն է՝ իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով, բայց այդ մասին խոսակցություններ դեռևս չկան. «Այդ տարանցումն իրականացնելու համար, կարծում եմ, կարող  է որոշակի շահագրգռություն դրսևորել նաև  տարածաշրջանում գազային ոլորտում  ակնհայտորեն շահեր ունեցող ՌԴ-ն, որովհետև պարզ է, որ իրանական գազը եթե ոչ՝ այսօր, ապա՝ վաղը տարանցվելու է, և շատ լավ կլինի, որ այդ տարանցումն իրականացվի ՀՀ-ով»:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների դինամիկային՝ Վ. Ոսկանյանը նշեց մի կարևոր հանգամանք. «Որքանով որ ես տեղյակ եմ, Հայաստան-Իրան համագործակցության հատկապես տնտեսական ոլորտին անձամբ հետևում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին,  և այս առումով պարզ է, որ բարձրաստիճան ղեկավարի  ակնդետ հայացքի ներքո հարաբերությունները պետք է որ զարգանան: Չնայած մյուս կողմից էլ՝ ամերիկյան հսկայական ճնշումներ  կան Հայաստանի վրա, որը թույլ չի տալիս մեզ ազատորեն ընդլայնել Հայաստան-Իրան գործակցության ծավալները: Այդ ճնշումն ակնհայտորեն կիրառվում է բանկային համակարգի նկատմամբ: Գիտեք՝ այդ ճնշման հետևանքով  հիմնական ավիափոխադրող «Մահանը»  փաստացիորեն դուրս եկավ հայկական շուկայից… :

Հայաստանն այս առումով զգալի  անելիքներ ունի ՝ բացատրելու ԱՄՆ-ին, որ Իրանի հետ հարաբերություննները  մեզ համար ունեն կենսական նշանակություն և բխում են մեր  պետության անվտանգության շահերից, հետևաբար՝ Հայաստանը  պետք է ունենա արտոնյալ կարգավիճակ՝ նույնիսկ Միացյալ Նահանգների պատժամիջոցային համակարգի խստությունը հաշվի առնելով: Վերջինիս համար պետք են շատ ակտիվ  գործողություններ երկու կողմերի հետ էլ, մի  կողմից՝ Հայաստանը պետք է շատ ակտիվորեն համագործակցի իրանական կողմի հետ, մյուս կողմից՝ պետք է դիվանագիտական  լուրջ աշխատանքներ տանի ԱՄՆ-ում՝ մեզ համար  ապահովելով արտոնյալ պայմաններ:

Եվ  կա մեկ այլ հարթություն՝ Հայաստանը՝ որպես կամուրջ ԵԱՏՄ տնտեսական  գոտու և ԻԻՀ-ի  միջև: Այն մեզ համար բացում է  լրացուցիչ հնարավորություններ, և պետք է այդ հնարավորություններն օգտագործել»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Զրուցակիցները քննարկել էին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել