Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի հրապարակումից և դրա շուրջ արտահայտված մասնագիտական դիրքորոշումներից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ պնդելով, թե այդ զեկույցը ներկայացվում է միակողմանի:
«Արդյոք միակողմանի՞ է ներկայացվում զեկույցը» հարցին շատ արագ հնարավոր է պատասխանել՝ ծանոթանալով զեկույցի բովանդակությանը: Այն արդեն տարածվել է սոցիալական ցանցերում:
Սակայն գլխավոր առիթը, որն էլ հիմք հանդիսացավ անդրադառնալու նախարարության հայտարարությանը, այն է, որ նախարարությունը փորձել է շեղել իրականությունն ու հանրությանը ցույց տալ, թե իբր որևէ նոր բան չկա, և Կառավարությունն էլ անում է այն, ինչ ասել էր:
Այսպես՝ ըստ հաղոդագրության՝ «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը»։ Նախարարությունը հայտնելով շարունակում է, թե իբր․ «Ուստի այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»: Սակայն ակնհայտ է, որ նախկինում արված հայտարարությունների և այս հաղոդրագրության միջև առկա է շատ մեծ խզում․ հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցինք, որևէ բառ չկա դատավորների քաղաքական կապերի մասին, մինչդեռ Կառավարության ղեկավարի հայտնի ելույթի առանցքում հենց այս քաղաքական կապերով պայմանավորված վեթինգն էր: Նույնիսկ քաղաքական կապերին առնչվող հարցը լրատվամիջոցներից մեկն իր «Վեթինգ» վիդեոշարքում մշտապես տալիս է բոլոր այն դատավորներին, որոնք համաձայնվում են անցնել այլ լրատվամիջոցի յուրահատուկ վեթինգով:
Փաստորեն, ստացվում է, որ նախարարությունն առնվազն քաղաքական կապերի մասով ստուգման մտքից հրաժարվել է: Բնականաբար, այդ հրաժարումը չէր կարող լինել առանց կառավարության ղեկավարի համաձայնության, ուստի այստեղից էլ հստակ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն ու կայացած աշխատանքային քննարկումներն անցել են քննադատական-կառուցողական մթնոլորտում, և Կառավարությունը հասկացել ու հրաժարվել է դատավորների համատարած վեթինգի գաղափարից:
Հաջորդ խնդրահարույց միտքը հաղորդագրությունում այն է, թե իբր Սահմանադրական դատարանի առնչությամբ կառավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Նախարարությունն այս դեպքում պարզապես փորձում է կա՛մ մոլորեցնել, կա՛մ էլ մոռացության մատնել վարչապետի մամուլի քարտուղարի կողմից հնչեցրած պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ: Մամուլի քարտուղարն այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկին, երբ պատասխանում էր հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Վահե Գրիգորյանի նամակի առնչությամբ: Հիշեցնեմ, որ մամուլի քարտուղարը, ում հնչեցրած յուրաքանչյուր հայտարարություն հենց ուղիղ վարչապետի հայտարարությունն է և բացառապես պաշտոնական, ասել էր, որ կառավարությունը քննարկում է, թե ինչ լիազորություններ ունի միջամտելու համար Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամին:
Այսպիսով՝ Կառավարությունը գտել էր, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, ինչն էլ հանդիսանում է հենց պաշտոնական դիրքորոշում է, որը փորձում է մոռանալ Արդարադատության նախարարությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել