168.am-ը գրում է.

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) հիդրոմեդ ծառայության՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մինչև այս նախազգուշացումը, հուլիսի 13-ին հրդեհ էր բռնկվել Բուսաբանական այգում  իսկ հաջորդ օրը կեսգիշերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 20 հա բուսածածկույթ էր այրվել։

Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ չնայած հուլիսն այդքան էլ շոգ չէ, սակայն, կարելի է ասել, որ հրդեհների վտանգը մեծ է, քանի որ հունիսը շոգ էր, և վտանգը մնացել է դեռևս նախորդ ամսվա շոգերից։

«Մոտավորապես երկու շաբաթ առաջ նկարահանել էի, թե ինչպես են վառվում Նոր Նորքի լանջերը, որտեղ կան բազմաթիվ ծառեր, բուսականություն։ Մեր պետական մարմինները եկան այնտեղ, կրակը տեսան, հասկացան, որ լանջերի հրդեհը չեն կարող մարել, քանի որ համապատասխան տեխնիկա չունեն։ Ջրի խողովակը մի փոքր պահեցին կրակի վրա, որից հետո այդ լանջերի կրակը մարեցին մասնավոր մարդիկ։ Մենք Խոսրովի արգելոցի հրդեհից այդպես էլ դասեր չենք քաղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանի  խոսքով՝ Խոսրովի արգելոցի հրդեհը թանկ է արժեցել Հայաստանի համար, քանի որ չկար համապատասխան տեխնիկա ու հնարավորություններ կրակը ժամանակին մարելու համար։

Նա հիշեցրեց, որ այդ հրդեհից հետո իշխանությունները խոստանում էին, որ այսուհետ կփորձեն բարելավել իրավիճակը և ձեռք բերել համապատասխան տեխնիկա, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։

«Փաստորեն, այդ բոլոր խոստումները մնացել են օդի մեջ։ Ստացվում է այնպես, որ մենք արագ արձագանքման խումբ, համապատասխան տեխնիկա չունենք։ Հայաստանի լանդշաֆտը շատ բարդ է, քանի որ, եթե հրդեհները լինում են լանջերի վրա, ապա այն մարելը բարդանում է, այդ վայրերում հրդեհը մարելու համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա, իսկ լավագույն միջոցն ուղղաթիռն է։ Խոսրովի արգելոցում հրդեհը մարելու համար վարձակալությամբ էին վերցրել ինքնաթիռը, և կրակը մարելուց հետո՝ վերադարձել»,- շեշտեց Սիլվա Ադամյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունները երկրի բնապահպանական խնդիրներին մատների արանքով են նայում, որի վառ ապացույցը Սևանի խնդիրներն են, հրդեհները։ Ուստի Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի այդ հարցերը լուծելու համար, հակառակ դեպքում կարող է այնպիսի մասշտաբային հրդեհներ սկսվեն, որոնց դեմն ուղղակի չկարողանա առնել։

«Մենք պետք է հաշվի առենք կլիմայի փոփոխությունը, որին պետք է պատրաստ լինենք։ Երբ Խոսրովի արգելոցում հրդեհ եղավ, մեզ փորձում էին համոզել, որ այն մարդածին բնույթի է, ամեն ինչ միտումնավոր է եղել, և այլն, բայց փաստ է, որ միտումնավոր չի եղել, այլ կապված է եղել կլիմայի փոփոխության հետ։ Այլ հարց է, որ մարդը կարող է նպաստել դրան, մի փոքր խարույկ վառել, հետո այն լավ չմարել, և հրդեհը պատրաստ է։ Բացի այդ, մեզ մոտ աղբավայրերը փակված չեն, երբ, օրինակ՝ ապակե իր է այնտեղ հայտնվում, արևային շողերի արտացոլվելուց հետո հրդեհ կառաջանա»,- նշեց բանապահպանը։

Նա դժվարացավ ասել, թե Հայաստանում հրդեհների մեծ մասը մարդածի՞ն են, թե՞ տեխնածին։

«Այն երկրները, որտեղ հասարակությունը զարգացած է, բնության նկատմամբ վերաբերմունքն ավելի հոգատար է, նման երկրներում հրդեհների մեծ մասը տեխնածին են, իսկ այն հասարակությունները, որտեղ այդ մշակույթը զարգացած չէ, հրդեհները տեղի են ունենում մարդկանց անմիջական մասնակցությամբ։ Մենք պետք է պատրաստ լինենք և՛ տեխնածին, և՛ մարդածին հրդեհներին»,- եզրափակեց բնապահպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել