Հուլիսի 11-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է թիվ CDL-PL-PV(2019)002 արձանագրություն-հաշվետվությունը:

Արձանագրությունից պարզ է դառնում, որ հունիսի 21-ից 22-ը կայացած 119-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած դատական իշխանությանն առնչվող վերջին զարգացումները:

Հանձնաժողովը երեք հիմնական խնդրի մասին է խոսել՝ Սահմանադրական դատարանի դատավորներ, դատարանների արգելափակում և դատավորների վեթինգ:

Հատկանշական է, որ այս երեք թեմաներում էլ հանձնաժողովն անհանգստություն է հայտնել դատական իշխանության անկախությանը միջամտության մասին: Այսպես՝

Սահմանադրական դատարանի մասին

Հանձնաժողովն անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավորի այն հայտարարությանը, ինչով կասկածի տակ էր դրվել Սահմանադրական դատարանի 9-ը դատավորներից 7-ի դատավոր լինելու հանգամանքը: Հանձնաժողովը մանրամասն ներկայացնում է Վահե Գրիգորյանի դիրքորոշումն առ այն, թե հներն ընտրվել են որպես անդամ, իսկ 2015-ի փոփոխություններով Սահմանադրությամբ անդամները չեն կարող լինել դատավորներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնաժողովը տվել է եզրակացություն առ այն, որ փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել 2015-ի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո և հենց այնքան ժամանակ, որքան նախատեսված էր 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ:

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի համար, որ ՀՀ խորհրդարանը ողջունել է Վահե Գրիգորյանի կարծիքը, ինչն, ըստ հանձնաժողովի, պարունակում է դատական իշխանության անկախության վրա ազդելու ռիսկեր:

Վեթինգի մասին

Արձանագրությունից պարզ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ իշխանությունների հրավերով քննարկել է դատական բարեփոխումների հարցը, որի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ վեթինգը ոչ անհրաժեշտ և ոչ էլ օգտակար գործիք է, փոխարենը պետք է հզորացվեն կարգապահական ընթացակարգերը, և ստեղծվի կապ գույքի և եկամուտների հայտարարագրման հետ:

Դատարանները շրջափակելու մասին

Արձանագրությամբ Վենետիկի հանձնաժողովը հայտնում է, որ դատարանի որոշմամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո վարչապետ Փաշինյանի կողմից իր աջակիցների միջոցով դատարաններն արգելափակելուց հետո հանձնաժողովի նախագահը նամակ է ուղարկել վարչապետ Փաշինյանին: Հանձնաժողովի նախագահը նամակում ընդունել է, որ հանրության մոտ առկա է անվստահություն դատական իշխանության նկատմամբ, և բարեփոխումներն անհրաժեշտ են, սակայն նա պնդել է, որ դրանք պետք է լինեն բացառապես Սահմանադրության և միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությամբ հաստատվում են․

1. Սահմանադրական դատարանից քաղաքական իշխանությունը պետք է հեռու մնա,

2. Վեթինգ չի լինելու,

3. Դատարանների արգելափակումը հակասում էր Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին:

Հ.Գ. Անկեղծ հույս ունեմ, որ ՍԴ ինքնահռչակ դատավորը և իրեն սպասարկող փաստաբանները և հասարակական կազմակերպությունները կդադարեն խայտառակել մեր պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել