168.am-ը գրում է.

Իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակը Հայաստանում, ի վերջո, կբարձրանա, այն էլ՝ 10 տոկոսով։ Խոսքը 4 հազար դրամի մասին է։

Պետք է ոգևորվե՞լ սրանով, թե՞ տխրել։

Այն, որ կենսաթոշակառուները ոգևորված չեն, միանշանակ է։ Հազիվ թե կարելի է կարծել, որ նրանք այդպիսի փոփոխություն էին սպասում «թավշյա» իշխանափոխությունից։ Հատկապես այն բազմաթիվ շռայլ խոստումներից հետո, որ հասարակությանը տրվեցին 2018թ. հեղափոխության օրերին։

Սպասել, որ կենսաթոշակների 10 տոկոս ավելացումը կբարելավի հասարակության այդ խավի սոցիալական վիճակը, միամտություն է։ Վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Փոխարենը՝ այդ ընթացքում բազմաթիվ ապրանքներ հասցրել են թանկանալ։ Ընդ որում, երբեմն՝ ոչ թե տոկոսներով, այլ՝ անգամներով։

Այս պայմաններում կենսաթոշակի 10 տոկոս բարձրացումը ոչինչ է։ Գուցե այն ինչ-որ տեղ կմեղմի հաջորդ տարի սպասվող նոր թանկացումների բացասական ազդեցությունը, բայց դա էական սոցիալական խնդիր չի լուծում։ Առավել ևս, այն պարագայում, երբ կառավարությունը վարում է հարկային բեռը սպառման վրա տեղափոխելու քաղաքականություն։ Հարկային օրենսգրքում իրականացված վերջին փոփոխություններով հաջորդ տարի սպասվում են նոր թանկացումներ` կապված մի շարք ապրանքների վրա ակցիզային հարկի ճնշումն ավելացնելու հետ։

Իհարկե, թանկացումները դրանով չեն սահմանափակվելու։ Ավարտվում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ժամանակ ԵԱՏՄ տարածքում Հայաստանին տրված մաքսային արտոնյալ ռեժիմի ժամկետը։ Այս անգամ դա կվերաբերի 700-800 անուն ապրանքների, որոնց մեջ քիչ չեն նաև սննդամթերքի տեսակները, դեղորայքը և բազմաթիվ այլ ապրանքներ։

Սպասվում է, որ հաջորդ տարվանից բարձրանալու է ներքին սպառման գազի սակագինը։ Թե դա ինչ ուղղակի հետևանք է ունենում բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների վրա, հավանաբար ասելու բան չէ։ Գազի թանկացման ազդեցությունը տնտեսության վրա միշտ էլ էական է եղել։ Ավելին, չի բացառվում, որ դա բերի նաև հոսանքի թանկացման։

Հանրային ծառայությունների ոլորտում թանկացումների շղթան հազիվ թե սրանով ավարտվի։ Հաշված օրեր հետո ջրամատակարար ընկերությունը նոր հայտ կներկայացնի` սակագների ճշգրտման վերաբերյալ։ Եթե նույնիսկ դրա վրա ազդող բոլոր մյուս գործոններն անտեսենք, ապա, միևնույն է, խմելու ջրի սակագինը պետք է բարձրանա։ Այդպես է նախատեսում կառավարիչ ընկերության հետ ստորագրված պայմանագիրը։ Իհարկե, դա ստորագրել է նախկին իշխանությունը, բայց դրանից սպառողի համար ոչինչ չի փոխվում։ Նախորդ երկու տարիներին հաջողվեց խուսափել թանկացումից` սակագների ճշգրտման բեռը բյուջեի հաշվին փոխհատուցելու և որոշ պարտավորություններ կառավարիչ ընկերության վրայից հանելու ճանապարհով։ Ի՞նչ կստացվի այս անգամ, շուտով կերևա։

Հաջորդ տարվանից կառավարությունը մտադիր է վերանայել անշարժ գույքի կադաստրային արժեքը և բարձրացնել գրեթե 3 անգամով։ Իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր այսօր ազատված են գույքահարկից` ստիպված են լինելու վճարել։ Այն, ինչ առաջարկվում է, ենթադրում է, որ անշարժ գույքը գրեթե ամբողջությամբ մտնելու է հարկման տակ։

Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ կենսաթոշակների կամ որոշ ոլորտներում աշխատավարձերի այն 10 տոկոսանոց բարձրացումները, որոնց մասին կառավարությունը խոսում է, ոչինչ է։

Երկրում սոցիալական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց եկամուտների աճը գերազանցի իրական գնաճը։ Խոսքն այն գնաճի մասին չէ, որն արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գնաճի մասին է, որը մի քանի անգամ ավելի բարձր է։ Ու այս պայմաններում հաջորդ տարի ևս Հայաստանում բյուջետային աշխատավարձերի բարձրացում կարծես չի սպասվում։ Իսկ աշխատողների մի մասին կրճատելով և այդ գումարներով մյուսների աշխատավարձերը ավելացնելով՝ սոցիալական խնդիրներն ամենևին էլ չեն պակասելու։ Պարզապես դրանք մի տեղից տեղափոխվում են մեկ այլ տեղ։

Այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները ժամանակին մեղադրում էին նախորդներին` աշխատավարձ ու թոշակ քիչ տալու համար։ Բայց հիմա իրենք են կանգնել նույն խնդրի առջև։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձում էր արդարանալ, թե ինչո՞ւ կենսաթոշակ չեն բարձրացնում։ Ըստ նրա՝ ընդամենը 5 հազար դրամով թոշակ ավելացնելու համար լրացուցիչ 30 մլրդ դրամ է հարկավոր։

Հասկանալի է, որ պետությունն այդքան հնարավորություններ ու միջոցներ չունի մարդկանց եկամուտները միանգամից ավելացնելու համար։ Բայց կառավարությունը նրա համար է, որպեսզի գտնի այլ լուծումներ։

Մարդկանց եկամուտների ավելացման լավագույն տարբերակներից մեկն աշխատատեղերի ստեղծումն է։ Բոլորվին այլ բան է, երբ, ասենք` չորս հոգանոց ընտանիքում աշխատում է միայն մեկը, բոլորովին այլ բան, երբ երկուսը կամ երեքը։

Բայց աշխատատեղի ստեղծման առումով էլ Հայաստանում քիչ թե շատ տեղաշարժ չկա։ Իշխանափոխությունից հետո, անշուշտ, գրանցված աշխատողներն ավելացել են, բայց դա չէ, որը բնութագրում է աշխատաշուկայի պատկերը։

Առաջվա նման Հայաստանում գործազրկության մակարդակը շատ բարձր է։ Առնվազն 200 հազար մարդ աշխատանք չունի։ Իսկ դա լուրջ սոցիալական խնդիր է, որը լուծելու համար հարկավոր է տնտեսությունն աշխատացնել։

Չնայած պաշտոնապես գրանցվող աճերին, այնուհանդերձ, տնտեսական իրավիճակը Հայաստանում դժվար է բարվոք համարել։ Ներառական աճի այն ակնկալիքները, որի մասին իշխանափոխությունից հետո խոսում էր կառավարությունը, չկա։ Չի էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, թե ինչի հաշվին է արձանագրվող առաջընթացը։ Ծառայություններով, այն էլ՝ շահումով խաղերով, տնտեսություն չի զարգանա, հասարակության եկամուտները չեն ավելանա, բյուջեն այնքան փող չի մտնի, որպեսզի հնարավոր լինի աշխատավարձերի ու կենսաթոշակների շոշափելի բարձրացում ապահովել։

Ու քանի դեռ տնտեսությունն այս վիճակում է, նման ակնկալիքներ չպետք է փայփայել։ Պատահական չէ, որ կառավարությունն ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խոսում են իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակներն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելու մասին։ Մինչդեռ ժամանակին սարեր էին խոստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել