Google-ը նոր սոցցանց է ստեղծել Shoelace (Քուղեր) անվանումով և սկսել է դրա փորձարկումը, հաղորդում է Tehnot-ը:

«Ընկերությունը որոշել է փորձել հաջողությունը նոր Shoelace սոցիալական հավելվածի միջոցով: Նոր նախագիծը նպատակ ունի համախմբել իրար մոտ ապրող միևնույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց: Նշելով ձեր հոբբիները կամ սիրելի զվարճանքները Shoelace-ում, օգտատերերը կարող են գտնել թեմատիկ միջոցառումներ և հանդիպումներ մոտակայքում, ինչպես նաև կազմակերպել սեփական միջոցառումները: Իսկ իրադարձությունները մյուս մասնակիցների հետ կարող են քննարկել ընդհանուր զրուցարանում: Հավելվածում նաև հնարավորություն կա հանդիպումներին հրավիրել այլ մարդկանց, նույնիսկ եթե նրանք չեն օգտվում այս սոցցանցից»,- ասվում է հաղորդման մեջ:

Ծրագիրը հասանելի է Android և iOS հարթակներում, վեբ տարբերակի մասին տեղեկություններ դեռևս չկան: Ներկայումս նախագծի մշակողները փակ փորձարկում են անցկացնում Նյու Յորքում, գրանցումը հնարավոր է միայն հրավերի միջոցով:

Սոցիալական հավելվածի մշակմամբ զբաղվում է Area 120 ստորաբաժանման թիմը, որը մասնագիտացած է Google-ի փորձարարական արտադրանքների գծով:

Նախագծի հեղինակների խոսքերով, Shoelace անվանումը հղում է դրա նպատակին՝ ընդհանուր շահերով մարդկանց կապելու, ինչպես կոշիկի քուղերն են կապում: Նույն համանմանությամբ, հավելվածում ստեղծվող միջոցառումներն անվանվել են Loops (հանգույցներ):

Ծրագրի կայքում նշվում է, որ վերջնարդյունքում նախատեսվում է Shoelace-ը գործարկել ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ որևէ կոնկրետ ամսաթվերի մասին խոսելը դեռ վաղ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել