168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայանպաստ որոշումը։

Ներկայացուցիչների պալատը, հիշեցնենք, ընդունել է «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունը, որը, ըստ էության, կրկնում է Վիեննայի պայմանավորվածությունները՝ արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դիտարկման սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ավելացում, առաջնագծից դիպուկահարների, ծանր ռազմատեխնիկայի և ժամանակակից սպառազինության հետքաշում:

«Մեր հստակ դիրքորոշումն է, որ, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, որպեսզի հնարավոր լինի բովանդակային բանակցություններ վարել, անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ՝ զերծ ռազմատենչ հայտարարություններից և զերծ ռազմատենչ գործողություններից: Եթե ավելի պարզ ասենք՝ անհրաժեշտ է, որպեսզի սահմանային լարվածությունը թուլանա և երաշխավորված լինի, որ զինադադարի ռեժիմը պահպանված լինի: Եվ այս համատեքստում ցանկացած որոշում, ցանկացած հայտարարություն, որ համահունչ է մեր դիրքորոշմանը, ողջունելի է»,- 168.am-ին ասաց Ռ.Ռուբինյանը:

Թե Ներկայացուցիչների պալատի այս որոշումն ի՞նչ գործնական նշանակություն կունենա, պատգամավորը պատասխանեց, որ դա Հայաստանի Հանրապետության որոշում չի, որպեսզի ինքը մեկնաբանի, թե գործնական ինչ քայլեր են հետևելու: Նա հորդորեց այդ հարցն ուղղել ԱՄՆ դեսպանին:

Հարցին՝ ԱԺ նախագահի առաջիկա ԱՄՆ այցի օրակարգում այդ հարցը ներառվա՞ծ է, Ռ.Ռուբինյանը պատասխանեց. «ԱԺ նախագահը տարբեր հանդիպումներ է ունենալու, կարծում եմ, եթե համապատասխան պաշտոնյայի հետ հանդիպում լինի, կքննարկվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել