Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների, ներառյալ մրգահյութի կանոնավոր գործածումն էապես մեծացնում է տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս անմխիթարական եզրակացությանն են հանգել մի խումբ ֆրանսիացի գիտնականներ իրենց կողմից կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել է Daily Telegraph թերթը:

Գիտափորձին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 42: Մի քանի տարվա ընթացքում Փարիզի Սորբոնի համալսարանի մասնագետները դիտարկել են կամավորների առողջական վիճակի փոփոխությունները՝ կախված նրանց կողմից գործածվող մթերքներից:

Փորձագետները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են քաղցկեղի տարբեր ձևերի և քաղցր ըմպելիքների, այդ թվում՝ մրգահյութերի, ավանդական գազավորված ըմպելիքների և արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների միջև կախվածության ուսումնասիրմանը: Ըստ որում՝ գիտնականները քաղցր են համարել 5 տոկոսից ավելի շաքարի պարունակությամբ ըմպելիքները:

Արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով արձանագրվել է ուռուցքաբանական հիվանդությունների 22 դեպք: Դեռ ավելին՝ օրական 100 միլիլիտր մրգահյութ խմած մասնակիցերի մոտ տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը մեծացել է 12 տոկոսով, ըստ որում՝ կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել է 15 տոկոսով: Գիտնականները նաև պարզել են, որ համանման ծավալով քաղցր գազավորված ըմպելիքի գործածումը քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը մեծացրել է 18 տոկոսով, մասնավորապես՝ կաթնագեղձի քաղցկեղինը՝ 22 տոկոսով: Մասնագետները հիշեցնում են, որ մրգահյութերը, ինչպես և գազավորված ըմպելիքները շաքարի բարձր պարունակություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել