Եթե աշխարհում ապրեին միայն ադեկվատ և ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, սակայն մեզ շրջապատում են տարբեր մարդիկ, այդ թվում՝ նաև այնպիսի մարդիկ, ովքեր անընդհատ բարկանում են և կոնֆլիկտներ ստեղծում։ Երբեմն նրանք այնքան համառ են լինում, որ անգամ ամենահավասարակշռված մարդիկ կորցնում են իրենց ինքնատիրապետումը։

Դուք չեք կարող անընդհատ խուսափել չափից դուրս զգացմունքային մարդկանց հետ շփվելուց։ Այո՛, բարդ խոսակցություններ եղել են և կլինեն բոլորի կյանքում, սակայն կան որոշ միջոցներ, որոնք այդ շփումներն ավելի քիչ ցավեցնող կդարձնեն։

Հոգեբան Ալբերտ Ջ, Բերնշթայնն առաջարկում է մի քանի մարտավարություն, որոնք կարող են նվազեցնել չափից դուրս «տաքացած» քննարկումների զգացմուքայնության աստիճանը։ Նա ասում է. «Եթե զրույցի ժամանակ դուք ձեզ մանկապարտեզի դայակ եք զգում, նշանակում է, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում»։

Բերնշթայնը խորհուրդ է տալիս 3 միջոց, որոնք կարող են հանդարտեցնել բարդ խոսակցությունների ժամանակ առաջացած կրքերը։

«Խնդրում եմ՝ մի քիչ դանդաղ խոսեք։ Ես ցանկանում եմ օգնել ձեզ»

Այստեղ խնդիրը կարող է լինել ոչ թե մարդու արագ խոսելը, այլ այն, որ նա անընդհատ գոռում է կամ լացում։ Ըստ բժիշկ Բերնշթայնի՝ այս արտահայտությունն իրոք կարող է օգնել։

«Ինչո՞ւ է աշխատում այս արտահայտությունը, որովհետև այն փոխում է խոսակցության սպասելի ընթացքը։ Մարդը սպասում է, որ դուք իրեն ընդդիմանաք, սակայն դուք ձեզ միանգամայն այլ կերպ եք պահում։ Դուք խնդրում եք խոսել ավելի պարզ։ Ցույց եք տալիս, որ ձեզ հետաքրքրում է այն, ինչ ասում է նա։ Սա զրուցակցին ստիպում է մտածել։ Եվ դա լավ է»։

«Ի՞նչ եք ցանկանում, որ ես անեմ»

Այս արտահայտությունը մոտավորապես նույն ազդեցությունն է ունենում, ինչ և առաջին արտահայտությունը։ Այն մարդուն ստիպում է դադարել լինել սովորական էմոցիաների հավաքածու կրող, ով միայն կարողանում է գոռալ և թափ տալ բռունցքները։ Այս արտահայտությունը ստիպում է օգտագործել մտածելու կարողությունները։

Ոչինչ մի բացատրեք

Կարևոր չէ, թե որքան գիժ է թվում զրուցակիցը։ Դուք ցանկանո՞ւմ եք խոսակցությունը վերադարձնել ավելի առողջ հունի մեջ։ Այդ դեպքում կարիք չկա նրանց բացատրելու, որ ինքն իրեն սխալ է պահում, և որ ձեր տեսակետն ավելի ռացիոնալ է։ Դա չի օգնի։

Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչու։ Բրենշթայնն ասում է. «Որևէ բան բացատրելու փորձերը գրեթե միշտ համարվում են հակադրվելու փորձեր։ Ձեր զրուցակիցը զգում է դա և արդյունքում դառնում է ավելի ագրեսիվ և զգացմունքային»։

Եթե անգամ ձեր զրուցակիցը պնդում է, որ նախորդ կյանքում Էլվիս Փրեսլի է եղել, ապա ավելի լավ է հարցնել, թե որտեղ է պահում իր փայլուն համազգեստը, քան բացատրել, որ ժամանակն է, որ նա գնա հոգեբուժարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել