168.am-ը գրում է.

Հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ երգիչների եկամուտները  հայտարարագրելու համար հունիս ամսից դիմել են կոշտ մեթոդների՝ գնահատում են յուրաքանչյուր երգչի վարքագիծը, որոնց անձնական նամակներով կհրավիրեն ՊԵԿ քննարկումների։

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները, կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասել էր Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահի հայտարարությունից հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և արտիստներին կոչ արել՝ «առանց ավելորդ թպրտալու» վճարել բոլոր հարկերը։

«Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ-պապիկներից ոչնչով առավել չեք»,- գրել էր պատգամավորը։

Ազգագրական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանին ՊԵԿ-ից դեռ նամակ չեն ուղարկել, ասում է՝ պաշտոնապես որևէ տեղ չի էլ աշխատում, որպեսզի հարկեր վճարի։
«Եթե համերգներ լինում են, ապա, այսպես թե այնպես, հարկեր գանձվում է։ Նախ՝ թող մշակույթին ավելի լուրջ վերաբերվեն ու համերգներ կազմակերպեն, քանի որ վաղուց մենք այստեղ համերգներ չունենք։ Եթե կլինեն, սիրով կմասնակցեմ և հարկերն էլ կվճարեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս շրջանում ավելի շատ հրավերներ է ստանում արտերկրից և զորամասերում է երգում զինվորների համար։
Ինչ վերաբերում է պատգամավոր Արեն Մկրտչյանի գրառմանը, երգչուհին ասաց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, պատգամավորին չի էլ ճանաչում։

«Հայաստանի երգիչների միավորման» հիմնադիր-նախագահ, երգիչ-երգահան Մադլեն Ասրյանը չցանկացավ մեկնաբանել պատգամավորի գրառումը, միայն նշեց, որ առանց որևէ մեկի հորդորի՝  արտիստները համերգներից հետո միշտ էլ իրենց հարկերը վճարել են։

«Երգիչներն էլ են աշխատում, հետևաբար՝ վճարում են հարկերը, հարկեր գանձելուն ես կողմնակից եմ։ Բայց այստեղ մի շարք հարցեր մնում են անպատասխան։ Որպես երգիչների միավորման հիմնադիր-նախագահ՝ ՊԵԿ-ից հետաքրքրվել եմ, որպեսզի իմանամ, թե որ արտիստն  ինչ կարգով պետք է  հարկվի, պատասխանեցին, որ դեռ պարզ չէ, թե ինչ կարգով պետք է լինի։ Կարծում եմ՝ երբ պարզեն, թե հարկերի գանձումն ինչպես պետք է լինի, պետք է նաև մտածեն երգիչներին աշխատանքի գրանցման մասին, քանի որ երգիչներն աշխատում են, հարկեր վճարում, սակայն որևէ տեղ գրանցում չունեն»,- նշեց Մ. Ասրյանը։

Ըստ նրա՝ եթե երգիչներն օրենքով պետք է հարկվեն, ապա օրենքով նաև աշխատանքային գրանցում պետք է ունենան։

Երգահան Գուսան Հայկազունն էլ ասաց, որ տարվա մեջ մեկ անգամ է համերգ ունենում, վարձակալում է համերգասրահը և գումարը վճարում է, ուստի պետք է հարկեր վճարեն այն արտիստները, որոնք ամեն օր համերգներ են ունենում և մեծ գումարներ աշխատում։

«Ինքս կողմնակից եմ երգիչներին հարկային դաշտ բերելուն։ Արենին ես այլ հարցով կդիմեի, թող մտածեն, որ այն երգիչները, որոնք կատարում են հեղինակների երգերը, թող նրանց անունը հիշատակեն։ Օրինակ՝ Երևանում կան տասնյակ ռեստորաններ, ամեն ռեստորանում հավատում եմ, որ գոնե մեկ անգամ հնչում է «Պիտի գնանք» երգը, որի հեղինակին գումար չեն վճարում,  իսկ այդ հեղինակներն ինչպե՞ս ապրեն։ Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը տարբեր տեղերում իմ երգերը երգում է ու անունս չի հիշտակում, չի ասում, որ դրանց հեղինակը ես եմ։ Թող հայ հեղինակների իրավունքները նախ պաշտպանեն»,- շեշտեց Գուսան Հայկազունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել