Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի մասին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելը շատ կարևոր էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ առաջարկը ներկայացնելու նախաձեռնությունը հայ համայնքի և կոնգրեսականի կողմից վաղուց էր սկսվել, և դրա ընդունվելը բացառապես նրանց ջանքերի արդյունքն է:

«Լավ առիթ էր ստեղծվել. հաջորդ ֆինանսական տարվա համար թղթերը մշակելիս և պաշտպանության ոլորտում քաղաքականությունը մշակելու համար Բրեդ Շերմանն առաջարկել է նախագծում մշակել է մի հոդված, որով կարգելվի Միացյալ Նահանգների իշխանություններին Ադրբեջանին այնպիսի  տեխնիկական միջոցներ վաճառելը, որոնք կարող են սպառնալ քաղաքացիական օդանավերին, որոնք կարող են թռչել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, նրա տարածքով կամ էլ Ստեփանակերտի օդանավակայան»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության էր արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

Փոփոխություններն առաջարկվել էր սահմանել 2020 թ. ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ առաջարկի ընդունումը հետագայում հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերում այն ներառելու համար: «Դա կարևոր է իրավական առումով որպես նախադեպ: Նման խոսքի ձևակերպումը՝ wording-ը, որը կա այս փաստաթղթերում, կարող է օգտագործվել նաև այլ իրավական ակտերում և փաստաթղթերում, մասնավորապես, ԱՄՆ-ի օրենսդիրի կողմից ընդունվող այլ իրավական ակտերում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել