Hraparak.am-ը գրում է.

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։

Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ որոշումը պատրաստվում են բողոքարկել։
Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություններ չեն կատարվել։

Իսկ ինչ վերաբերում է գրավի միջնորդությանը, պաշտպանն ասաց՝ չեմ էլ արել գրավի միջնորդություն, չեմ էլ պատրաստվում անել։

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել