ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՊԱՌԱԿՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձություններն օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևորումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և՛ 1996-ին, և՛ 1998-ին, և՛ 2003-ին, և՛ մասամբ 2013-ին: Իսկ 2008 թվականի քաղաքական ցնցումը և առաջացած անջրպետները նախադեպը չունեին մեր նորագույն պատմության մեջ:

Սակայն այն, ինչ 2018 թվականի ապրիլից այս կողմ կատարվում է մեր երկրում լոկ հետցնցումային քաղաքական տարանջատումներ չեն, և սրանով են այսօրվա իրողությունները տարբերվում նախորդներից և դառնում առավել վտանգավոր:

Ի՞նչ է կատարվում այսօր: Իմ կարծիքով՝ բոլոր նախորդ քաղաքական բևեռացումներն ունեին բացառապես քաղաքական իմաստ և նշանակությւոն: Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները իրենց սոցիալ-կենցաղային մշակույթում, իրենց մտածելակերպի արքետիպերում հիմնականում ընդհանրական էին, նույնական:

Առկա պոլյարիզացիաները բացառապես քաղաքական էին և չէին առնչվում մտածելակերպային, ազգային, ավանդական և պատրիարքալ հիմքերին: Հայ հասարակությունն, իր պետականաշինության վերևի հարկերում բաժանված լինելով ըստ քաղաքական ճաշակի և նախընտրությունների, իր բազիսում, իր հիմնահարկում և ֆունդամենտում ուներ իր անցյալի, իր արժեհամակարգի, իր սոցիալ-կենցաղային մշակույթի համընդհանուր չգրված, սակայն խորը արմատավորված ալգորիթմներ:

Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները՝ բոլորը, վերջիվերջո, «միջին վիճակագրական հայեր» էին:

Այն, ինչի ականատեսն ենք այսօր մենք, իր էությամբ ամբողջությամբ այլ երևույթ է և շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքական հիմքով հասարակության շարունակվող տրոհման գործընթաց: Ես հակված եմ կոչելու այսօրվա իրավիճակը «քաղաքակրթական պատռվածք»: Հետիշխանափոխական Հայաստանում «բարի-չար», «լավ-վատ», «ճիշտ-սխալ» կոորդինատային առանցքներում առաջացել են ճգնաժամային ճողվածքներ:

Գաղտնիք չէ, որ կայացած հասարակությունները առաջնորդվում են ոչ միայն գրված օրենքներով, այլև հազարամյակների ընթացքում առաջացած, մշակված և հանրային նորմ դարձած բազում չգրված օրենքներով: Ու հենց այդ չգրված օրենքների ավանդական համակարգն է այսօր խորը ճգնաժամի մեջ: Ավանդական հասարակական բարոյագիտության և բարեվարքության համակարգերը հոգեվարքի մեջ են, նախկին «չի կարելի»-ներն իրենց տեղն են զիջել «կուզեմ-կանեմ»-ներին: Բավական է դուրս գալ փողոց կամ մեքենա վարել, կամ այցելել հասարականան վայր, կամ պարզապես շփվել երբեմն ծանոթ-ընկեր-բարեկամ ձևաչափով, և նկատելի է դառնում հանրային այդ չարորակ տրանսֆորմացիան:

Եվ սա պարզապես մակարդակի, դաստիարակության կամ կրթության հարց չէ: Սա լրիվ ուրիշ օպերա է:

Հայաստանը կանգնած է «պառակտված քաղաքակրթություն» դառնալու եզրին, որտեղ մոլեգնող կեղծ ազատականությանը համառ դիմադրություն է ցուցաբերում հասարակական տրադիցիոնալիզմը: Այս երևույթը մեզանում գոնե տեսանելի մակարդակում, ի տարբերություն այլ նմանօրինակ երկրների, դեռևս աշխարհաքաղաքական չէ, սակայն դրա արտաքին քաղաքականացումը ապագայում չի բացառվում:

Եվ միանշանակ է, որ նման իրավիճակում հայտնված հասարակությունների դիմադրողականությունը համարժեք չի լինում նրան սպառնացող վտանգներին, և եթե այսպես շարունակվեց, ապա պետության իմունային համակարգի գլխին կախված ռիսկերը կարող են ավարտվել աղետով:

Խնդիրն իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ կամ Նիկոլ vs Ռոբերտ և այլն քաղաքական դիմակայությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել