Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին էոր ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե Հայաստանն արդյոք ունի պահուստային տարբերակ՝ էներգետիկ խնդիրների խուսափելու համար, եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառի, և խնդիրներ առաջանան, Գրիգորյանն ասաց. « Ես կարծում եմ, որ մեր այսօրվա էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն»:

Հարցին, թե հարևան երկրից կախված հնարավոր է էներգետիկ համակարգը տատանումների ենթարկվի, ռիսկի տակ դրվի, նա ասաց, որ տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն, դրանք միշտ կան, և որևէ կապ չունեն մեր քաղաքական հարաբերությունների հետ: Նա վստահեցրեց, որ այնուամենայնիվ, կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: «Նաև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որ որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»,-նշեց փոխվարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ առաջացած խնդրի համար կա երկու վարկած, որոնցից մեկը արտաքին է, Գրիգորյանն ասաց՝ խոսքը վերաբերում է արտաքին տեխնիկական հանգամանքներին:

«Երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն և լոկալ չեն: Դրանք փոխմիացած են առնվազն տարածաշրջանում երկրների հետ: Եվ երբ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի տեխնիկական ազդեցություն է ունենում նաև կողքի երկրի համակարգի վրա: Տվյալ պարագայում կա մի նախնական վարկած, որ տեխնիկական տատանում է տեղի ունեցել մեր հարևան երկրում, որն ազդել է նաև մեզ մոտ էներգահամակարգի ընդհանուր տեխնիկական վիճակի վրա: Բայց ես հիմա վերջնական պատասխան չեմ կարող տալ, քանի որ աշխատանքային խումբ է ստեղծվել, սպասենք եզրակացությունների, հետո նոր այդ հարցն ամփոփ կքննարկենք»,-ասաց փոխվարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել