Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հերթական հոդվածը (նախորդ հոդվածը՝ այստեղ), որում նա անդրադառնում է իշխանության որակի և կառավարության արդյունավետության խնդրին: Ըստ Արմեն Գևորգյանի՝ առօրյա աշխատանքի ճահիճը գրեթե անհնար է դարձնում ապագայի, հեռանկարի վրա կենտրոնացումը, ցանկացած բարեփոխիչի վերածում հասարակ սպառողի: Ինչպիսի՞ն է այսօրվա կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, ինքնագոյատևմա՞ն, անցումայի՞ ն, հեղափոխակա՞ն. Գևորգյանը կարծում է՝ մեզ մոտ ուղղակի առկա է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Ինչպիսի՞ն է մեր կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, ինքնագոյատևմա՞ն, թե՞ անցումային, տեխնոկրատների ռեֆորմիստական կառավարությո՞ւն՝ կոչված ապահովելու բեկումնային զարգացում, հեղափոխական կառավարությո՞ւն, թե ի՞նչ։ Ըստ էության կարող ենք ասել, որ մեզ մոտ ուղղակի առկա է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Ցանկացած կառավարության խնդիրը, հատկապես Հայաստանում, ընթացիկ օպերատիվ աշխատանքն է, ամենօրյա խնդիրներն ու մտահոգությունները, իսկ դրանք ավելի են շատացել կամ սկսել են դրանց մասին ավելի հաճախ և բաց խոսել։ Այդ առօրյա աշխատանքի ճահիճը գրեթե անհնար է դարձնում ապագայի, հեռանկարի վրա կենտրոնացումը, շատ ժամանակ ու էներգիա են խլում, ցանկացած բարեփոխիչի վերածում են հասարակ սպառողի։

Այսօր կառավարությունում ո՞վ է մտածում, ո՞վ է կերտում գաղափարներ և հայեցակարգեր։ Որտե՞ղ են գտնվում ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնները։ ՀՀ-ում վերջին ամիսների զարգացումները, երբ ներքաղաքական դիսկուրսի հիմնական թեմաները անցումային արդարադատությունն ու վեթինգն են, վկայում են այն մասին, որ իրենց բովանդակությամբ այդպիսի կարևոր թեմաները ձևավորվում ու առաջ են մղվում ոչ կառավարության ներսում, ոչ էլ, ցավոք սրտի, երկրի ներսում։ Նկատի ունեմ, որ դրանք ձևավորվում և ներդրվում են եվրոպական ու ամերիկյան կազմակերպությունների կողմից։

Այսօր մենք, հանձին կառավարության անդամների, արդյո՞ք տեսնում ենք այն մարդկանց, որոնք ասոցացվում են այս կամ այն ոլորտում բարեփոխումների և առաջադիմական ակնկալիքների հետ, արդյո՞ք նրանք անհրաժեշտ փոփոխությունների շարժիչն են, թե՞ ոչ։ Հարցն այն չէ՝ այս կամ այն մարդը լավն է թե վատը, հարցը նրա՝ մարդկանց իր ետևից տանելու կարողության, իր գաղափարներով և էմոցիաներով ուրիշներին ոգեշնչելու, հետևողականորեն դրական արդյունքների հասնելու ունակության մեջ է, ընդ որում՝ չվախենալով հաղորդակցությունից և երկխոսությունից։

 Ի՞նչն է կառավարության այսօրվա անդամներին խանգարում դառնալ կամ լինել ռեֆորմիստներ․

- կուտակված գործնական կառավարչական փորձի բացակայությունը․ կարևոր չէ՝ պետական կառավարման համակարգում թե մասնավոր հատվածում՝ բիզնեսում, սակայն ոչ՝ հասարակական հատվածում, այստեղ էական տարբերություն կա։

- կայացված որոշումների արդյունքում ամեն գնով արագ, դրական արդյունք կամ ազդեցություն ցույց տալու ձգտումը՝ չսպասելով գործնական արդյունքներին և անպայմանորեն սևացնելով անցյալը, նախկինը։ 

- կարևոր հարցերի շուրջ առանց մշակման և երկարատև քննարկման, հաճախ PR-ի նպատակով արմատական որոշումներ կայացնելու պատրաստակամությունը։

- հիմնական-առանցքային պաշտոններին սեփական, նույնքան անփորձ, բայց՝ ամբիցիոզ մարդկանց նշանակելը։

- Վերջապես ամենակարևորը, առայժմ՝ առանց բացառության. բոլոր սկզբունքային հարցերը լուծվում են Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցության ռեսուրսի հաշվին։

Կառավարության անդամ լինելը առաջին հերթին նշանակում է քաղաքական պատասխանատվություն։ Այս առումով, այսօր որևէ ոլորտ, կամ պետական կառավարման և կարգավորման որևէ մարմին չպետք է լինի անհատական քաղաքական պատասխանատվության տիրույթից դուրս, դրանք պետք է ներառված լինեն կառավարության կոնկրետ անդամի պատասխանատվության տիրույթում, և հասարակությունը պետք է իմանա, որ այս կամ այն կոնկրետ անձը պատասխանատվություն է կրում համապատասխան ոլորտի կամ հարաբերությունների համար։

Կառավարության անդամների քաղաքական պատասխանատվության հարցի լուծումը, ըստ գործող Սահմանադրության, հանգում է գործադիր իշխանության ներսում լիազորությունների բաշխման խնդրին։

Իրական լիազորություններով օժտված՝ նախագահի ինստիտուտի բացակայության պայմաններում ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։ Եթե նախկինում նախագահը կարող էր հիմնականում և ինտենսիվորեն զբաղվել պաշտպանության, արտաքին քաղաքականության հարցերով, մասնակցել արցախյան բանակցային գործընթացին, համակարգել ուժային կառույցների աշխատանքը, սփյուռքի հետ հարաբերությունները, իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, սակայն նվազագույնս զբաղվել ընթացիկ սոցիալ-տնտեսական քաղաքականության և օպերատիվ կառավարման հարցերով, ապա այժմ վարչապետը ֆորմալ առումով միաժամանակ պատասխանատու է ամեն ինչի համար։ Նման իրավիճակում որքանո՞վ է ամբողջական և ողջամտորեն լուծված կառավարության ներսում լիազորությունների պատվիրակման հարցը։ Նույնիսկ որոշ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացվածության ֆորմալ խնդիրներ են ի հայտ եկել։ Օրինակ՝ համարվել է, որ ԵԱՏՄ Խորհրդում Հայաստանը պետք է ներկայացներ երկրի փաստացի առաջնորդը՝ վարչապետը (այս կառույցի կանոնադրության մեջ ամրագրված է, որ մասնակցում են երկրների ղեկավարները)։ Սակայն այս դեպքում ո՞վ պետք է ներկայացներ Հայաստանը ԵԱՏՄ վարչապետների Խորհրդում։ Կարո՞ղ է արդյոք վարչապետը միաժամանակ մասնակցել այս երկու մարմինների աշխատանքներին։ Այստեղ հարցը ոչ այնքան վերաբերում է կարգավիճակին, որքան՝ վարչապետի աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը և գործընկերների հետ փոխհարաբերություններին։

Կարևոր է հասկանալ ևս մեկ իրողություն․ գործող օրենսդրությամբ նախարարներն այսօր ավելի մեծ լիազորություններ և հնարավորություններ ունեն, քան փոխվարչապետները։ Սա հաստատված է սահմանադրությամբ, որտեղ սահմանված է

«Հոդված 152․ Վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները

1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

2. Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

4. Կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»:

Եթե ուշադրություն դարձնենք այս հոդվածի երրորդ կետին, ապա ստացվում է, որ սուպերնախարարների պարագայում՝ համակարգվող ոլորտների քանակի առումով, մենք գործ ունենք գրեթե փոխվարչապետների հետ, որոնք, սակայն, օժտված են իրական սահմանադրական լիազորություններով։ Ի դեպ, այս համատեքստում կա ևս մեկ կարևոր հարց՝ ներիշխանական հարաբերությունների տրամաբանությունը հասկանալու համար․ ո՞վ է պատասխանատվություն կրում մարզպետների՝ որպես մարզերում կառավարության ներկայացուցիչների գործունեության համար։ Տարածքային կառավարման հարցերը համակարգող նախարա՞րը, թե՞ վարչապետը՝ որպես մարզպետներին նշանակող մարմնի ղեկավար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել