Armsport.am-ը գրում է․

Կավայ Լեոնարդը և Պոլ Ջորջը դարձել են «Լոս Անջելես Կլիպերսի» բասկետբոլիստներ։ Այս մասին հաղորդում է NBA-ի (Բասկետբոլի ազգային ասոցիացիայի) պաշտոնական կայքը։

NBA-ի վերջին մրցաշրջանի եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչումը ստացած Լեոնարդը «Տորոնտո Ռեպտորսից» «Կլիպերս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ ESPN-ի տեղեկատվության համաձայն՝ բասկետբոլիստը «2+1» ձևաչափով պայմանագիր է կնքել՝ 103,1 մլն դոլար արժողությամբ։

Հիշեցնենք, որ Լեոնարդը «Տորոնտո» էր տեղափոխվել «Սան Անտոնիոյից» նախորդ ամռանը։ 2018/19 մրցաշրջանում Կավայը մասնակցել է կանոնավոր առաջնության 60 հանդիպման՝ միջինը վաստակելով 26,6 միավոր, իսկ փլեյ-օֆֆի 24 խաղում նա միջինը վաստակել է 30,5 միավոր։ Կանադական թիմի կազմում Կավայ Լեոնարդը դարձավ NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչ շարքում հաղթելով «Գոլդեն Սթեյթին»։

Բացի այդ, «Կլիպերսը» հաստատել է «Օկլահոմա Սիթի Տանդերի» հետ փոխանակությունը, որի արդյունքում թիմը համալրել է All-Star Game-ի վեցակի մասնակից Պոլ Ջորջը։

«Կլիպերսից» «Տանդեր» են տեղափոխվել Շեյ Ժիլժո Ալեքսանդերը, Դանիլո Գալինարին։ «Կլիպերսը» զիջել է առաջիկա դրաֆթերի առաջին ռաունդում 4 չպաշտպանված և 1 պաշտպանված ընտրություն։ Բացի այդ, «Տանդերը» դրաֆթի ժամանակ «Կլիպերսի» հետ 2 փոխանակություն կատարելու հնարավորություն է ստացել։

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա Ջորջը կանոնավոր առաջնության մեկ խաղում միջինը վաստակել է 28 միավոր և կատարել 4,1 փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել