Armenpress.am-ը գրում է.

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում ռուս-վրացական սահմանով հունիսի 24-ին անթույլատրելի բեռ տեղափոխելու գործով անցնող ազգությամբ հայ քաղաքացիների վերաբերյալ:

Անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։ Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի և վկայություններ տա։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը գործի և դրանում դեսպանության ներգրավվածության վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դեսպանությունը արդեն 16 օր է անմիջական կապ է պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել ենք դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին և ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։ Այնուհետև դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեսպանության իրավաբանն ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի և դատախազի հետ։ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարևորագույն անձ է և վկա։ Եվ գործի շրջանակում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։

«Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել և՛ Արտյոմ Խաչատրյանի, և՛ Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր կարևորագույն առաջնահերթությունն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանությունը Վրաստանի տարածքում և այդ ուղղությամբ իրականացնում է հնարավոր ամեն քայլ»,-նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել