Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետությունում տասը օրից ավարտվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկ ներկայացնելու համար օրենսդրորեն սահմանված ժամկետը, ինչի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովրդի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարո՛ն Ղուլյան, գործընթացն ավարտվում է, և հետևաբար  նախագիծը այնուհետև պետք է ներկայացվի Ազգային ժողով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը գործընթացի վերաբերյալ:

-Անմիջական ժողովրդավարություն ապահովող սահմանադրական դրույթները 2017թ. Սահմանադրության նորույթներից են, որով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում թե՛ օրենսդրական նախաձեռնություն, թե՛ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել օրենսդիր մարմին: Ընդգծում եմ՝ առաջարկ ներկայացնել, ինչը բնավ չի նշանակում, որ ներկայացված առաջարկը անմիջապես պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այլ ենթադրում է, որ այնպես, ինչպես պատգամավորի կամ երկրի նախագահի կողմից ներկայացվող առաջարկներն են քննարկվում խորհրդարանում, այնպես էլ քաղաքացիների կողմից եկող առաջարկը:

Կարծում եմ` հստակ պարզաբանման կարիք կա. «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` քաղաքացիների` ստորագրահավաքի արդյունքում ներկայացրած առաջարկը պետք է քննարկվի խորհրդարանի հերթական նիստերում՝ երկու ընթերցմամբ, այդ ընթացքում պետք է ուղարկվի Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը որոշելու համար: Մենք խստորեն հետևելու ենք սահմանված պահանջներին և առաջնորդվելու ենք միայն ու միայն օրենքի տառին համապատասխան:

-Իսկ ներկայացվող առաջարկի բովանդակությունը որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար: Մասնավորապես Սամվել Բաբայանը, օրինակ, սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, որպեսզի ինքն էլ մասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:

-Մինչ այժմ Արցախի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ արել են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը սահմանված կարգով ընթացքավորելու համար` որևէ կերպ չմեկնաբանելով դրա սահմանադրականությունը: Մինչդեռ նախորդ օրերին ներկայացված բացատրությունները և հատկապես Սամվել Բաբայանի տված պարզաբանումները այն մասին, թե նա ինչպես է տեսնում հարցի հետագա ընթացքը, ստիպում են խոսել այդ մասին՝ առայժմ միայն նախնական գնահատականի կտրվածքով: Գործընթացի հետագա փուլերում, համոզված եմ, կլինեն բազմաթիվ քաղաքական ու իրավական գնահատականներ, սակայն այս պահին էլ, իմ կարծիքով, ակնհայտ է, որ առաջարկությունը սահմանադրականության հետ խնդիր ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել