Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ինքնակարգավորման մարմինը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի լիազորությունները 2 ամսով դադարեցնելու որոշում է կայացրել, գրում է apsny.ge կայքը՝ հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը հղումով:

Հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Գաբունիայի պահվածքն անտեղի ու անպարկեշտ է եղել և վնաս է հասցրել այն նույն պայքարին, որին պետք է նպաստեր նրա արած հայտարարությունը: Բացի այդ՝ նշվում է, որ Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցնելը մասնագիտական մեծ սխալ է, և որ նրա անպարկեշտությունը բոլորովին չի համապատասխանում երկրում տեղի ունեցող գործընթացների համատեքստին:

Հեռուստաալիքի որոշմամբ՝  Գաբունիան 2 ամսով կզրկվի լրագրողական լիազորություններից: Սահմանափակումը մասնավորապես կվերաբերի նրա վարած «P.S.» և «Արչևանի» հաղորդումներին:

Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են էլ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել