Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Demokrathaber»-ը, Բաբաջանը կուսակցությունից հեռանալու որոշումը ներկայացրել է գրավոր հայտարարությամբ, որտեղ նշված է նաև, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:

«Թուրքիայի ապագայի համար նոր քայլեր ձեռնարկելն անխուսափելի անհրաժեշտություն է դարձել: Ես և իմ ընկերները այդ առումով մեզ պարտավորված ենք զգում: Կարևոր է, որ մեր աշխատանքները անկախ և ազատ կերպով իրականացնենք: Ուստի, հարկավոր է, որ ես հրաժարվեմ ԱԶԿ-ին անդամակցելուց: Այսօր հրաժարականիս դիմումը կուսակցության կենտրոնական գրասենյակին ներկայացրի»,- նշել է նա:

Վերջում Բաբաջանը հայտնել է, որ իրենց հիմնական նպատակը երկրի պատիվը բարձր պահելն ու ժողովրդի բարօրությունն է:

Ալի Բաբաջանը համարվում է 2001թ. հիմնադրված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել