Tert.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արայիկ Մելքումյանը 2019 թ. մայիսի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան` ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Tert.am-ի հետ զրույցում Մելքումյանն ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՍԴ կազմը համալրել է նոր դատավոր Վահե Գրիգորյանը, ինքը միջնորդություն  է ներկայացրել՝ գործի քննությունը Սահմանադրական դատարանի օրինական կազմով իրականացնելու վերաբերյալ՝ բացառելով Վահե Գրիգորյանի մասնակցությունը։ «Վահե Գրիգորյանի մասնակցության դեպքում կխախտվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության սկզբունքը, քանի որ վերջինս ընտրվել է ՍԴ դատավոր օրենքի խախտումներով»,-ասաց Մելքումյանը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով՝ խախտվել է նոր թեկնածուի վերաբերյալ օրենքի պահանջը, բայց այդ՝ երկրորդ անգամ նախքան նրա թեկնածությունն առաջադրելը նոր մրցույթ չի հայտարարվել:

-Պարո´ն Մելքումյան, ե՞րբ են դադարեցվել Ձեր լիազորությունները և ինչու:

-Իմ լիազորությունները դադարեցվել են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությամբ և Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թ. փետրվարի 14-ի որոշմամբ: Թե՛ նախարարը և թե՛ ԲԴԽ-ն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի համար կատարողական թերթ տալը, որը չէր առաջացրել հետևանքներ, որակել են էական կարգապահական խախտում։ Այս որոշմամբ իմ նկատմամբ կիրառվել է խտրական վերաբերմունք, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019թ. փետրվարի 7-ի որոշմամբ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշմամբ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում կատարողական թերթ տալը, որն առաջացրել էր ծանր հետևանքներ, հանգեցրել էր նկատողության տեսքով կարգապահական պատասխանատվություն: Ընդ որում, կամայականության տարրեր պարունակող այս որոշումը հրապարակման պահից մտել է ուժի մեջ։

-Արդյոք բողոքարկե՞լ եք Ձեր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի  որոշումը:

-Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 155-րդ հոդված 7-րդ մասը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորություն չի ընձեռում, ինչը նշանակում է, որ դատավորն իր վերաբերյալ կայացված կարևորագույն ակտի վերանայման իրավական որևէ մեխանիզմ կամ հնարավորություն չունի, հետևաբար չի կարող նաև բողոքարկել իր նկատմամբ կայացված ապօրինի ակտը՝ սխալների վերանայման նկատառումներից ելնելով: Այդ պատճառով էլ, 2019 թվականի մայիսի 15-ին ես դիմել եմ Սահմանադրական դատարան` ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների՝ Սահմանադրությամբ համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմումն ընդունվել է վարույթ։  Եվ նկատի ունենալով, որ Դատարանի կազմը համալրել է նոր դատավոր Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի քննությունը Սահմանադրական դատարանի օրինական կազմով իրականացնելու վերաբերյալ՝ բացառելով Վահե Գրիգորյանի մասնակցությունը։

-Ինչո՞ւ եք դեմ, որ Վահե Գրիգորյանը մասնակցի գործի քննությանը և ի՞նչ նկատի ունեք՝ Սահմանադրական դատարանի օրինական կազմ ասելով:

-Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունք:  ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի կամ տրիբունալի օրինականության սահմանումը ենթադրում է նաև դրա կազմը (Բուսկարին ընդդեմ Սան Մարինոյի, գանգատ թիվ 31657/96, 4-ը մայիսի 2000 թվական): 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով՝ «օրենք» հասկացությունը, այսպիսով, ներառում է ոչ միայն դատական մարմինների ստեղծումը և դրանց իրավասությունը նախատեսող օրենսդրությունը, այլ նաև ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կլիներ անօրինական։ Մինչդեռ, գործի քննությանը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության դեպքում կխախտվի օրենքի հիման վրա ստեղծված Դատարանի կողմից գործի քննության սկզբունքը, քանի որ վերջինս ընտրվել է ՍԴ դատավոր օրենքի խախտումներով։

-Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, խնդրում եմ, մանրամասնեք:

-«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: 2018 թվականի հոկտեմբերի 19-ին հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով բավարար ձայներ չէր ստացել Ազգային ժողովի կողմից։ Ապա 2019 թվականի մայիսի 30-ին միևնույն իրավասու մարմինը՝ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի միևնույն թափուր պաշտոնի համար կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ խախտելով ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը։  Նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելն արգելվում է պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի սահմանադրական սկզբունքով (Interorganrespekt), ինչը պետական մարմիններից պահանջում է փոխադարձ հարգանք դրսևորել միմյանց որոշումների նկատմամբ և չարհամարհել դրանք։

Բացի այդ, 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հիման վրա ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցը, ինչպես նաև այլ վերաբերելի միջազգային փաստաթղթեր, որով ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրությունը անցկացվում է մրցութային կարգով՝ ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ դատավորների ընտրությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջազգային չափանիշներն իրենց բնույթով կիրառելի են նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր առանց մրցութային կարգի՝ այդպիսով չապահովվելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացում։ Այս համատեքստում այն պնդումները, համաձայն որի՝ Վահե Գրիգորյանը 2018 թվականի հոկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվել է մրցութային կարգով, ուստի կարող էր արդեն առաջադրվել առանց մրցութային կարգի, ևս հիմնազուրկ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել