Operativ.am-ը գրում է․

Իսրայելի գիտնականները նախազգուշացնում են երկրի միջերկրածովյան ափերին մեծաքանակ մեդուզաների կենտրոնացման եւ հանգստացողների համար դրանց ներկայացրած վտանգի մասին:

Գրեթե բոլոր լողափերում այդ ծովային կենդանիների մասին հաղորդագրությունները տարածվել են մասնագիտացված meduzot.co.il կայքի միջոցով:

Բազմաթիվ իսրայելական լողափերում բարձրացվել են մանուշակագույն դրոշակները, որոնք այս տարվա նորամուծություններից են եւ զգուշացնում են վտանգի մասին:

Իսրայելի ափերի վրա հարձակվել են անողնաշարավորների երկու տեսակի ներկայացուցիչները՝ Pelagia noctiluca-ն եւ Rhopilema nomadica-ն: Այդ տեսակների ներկայացուցիչների հետ հանդիպումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Մարդու մաշկի հետ հպման արդյունքում մեդուզայի շոշափուկն առաջացնում է լուրջ այրվածքներ եւ ալերգիա: Մեդուզայից հնարավոր է տուժել անգամ առանց անմիջական շփման. այդ կենդանիները ջրում արտադրում են այրող նյութեր, որոնք եւս սպառնում են այրվածքներ հասցնել մարդուն: Հատկապես վտանգավոր է, երբ այդ նյութը հայտնվում է մարդու աչքերում, ինչը կարող է հանգեցնել կուրության:

Բժիշկները զգուշացնում են, որ մեդուզայի հետ հպման հետեւանքով ստացված այրվածքի տեղն անհրաժեշտ է լվանալ, սակայն ցանկալի է ոչ քաղցրահամ ջրով: Լավագույն տարբերակներից է մեդուզայի թույնը քացախով կամ կիտրոնահյութով չեզոքացնելը: Իսրայելի լողափերում փրկարարների մոտ առկա են այրվածքները մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ավելին, հատուկ միջոցներ վաճառվում են նաեւ տեղի դեղատներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել