Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ և Կանադա 2018 թվականի ամռանը կատարած աղմկահարույց աշխատանքային այցից հետո պաշտոնապես ներկայացվեց, թե  ձեռք է բերվել 30.5 մլն դոլար ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Անցել է մեկ տարի, սակայն կատարված  ներդրումների մասին փոխվարչապետը, պատկան մարմինները լռում են։

Պատճառը, թերեւս, խոստացված ներդրումների բացակայությունն է։

Այսպես՝  «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է  ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն՝ իմանալու՝ փոխվարչապետի 2018թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։

Մասնավորապես՝  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել, արդյոք «Սերվիս Թայթն» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ ստեղծե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա , երբ եւ քանի՞ աշխատակից ունի մասնաճյուղը, իսկ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։ Ե՞րբ է նախատեսվում իրականացնել «St.Jude Medical Inc.» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Ո՞ր փուլում է գտնվում ամերիկահայ գործարարների հետ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու պայմանավորվածությունը։ Քանի՞ ամերիկահայ գործարար է նշված ոլորտներից յուրաքանչյուրում ներդրումային ծրագիր ներկայացրել։

Ինչ փուլում է գտնվում  դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը՝ արդյոք ամերիկահայ Աշոտ Թադեւոսյանը ներկայացրե՞լ է  արդեն նեդրումային ծրագիրը, եւ ինչպիսին է եղել կառավարության արձագանքը։  Ի վերջո՝ ԱՄՆ-ում ձեռք բերված ներդրումների վերաբերյալ պայմանավորվածության  որքա՞ն մասն է կատարվել,  քանի՞ միլիոն դոլարի ներդրում է կատարվել եւ արտադրության ո՞ր ճյուղերում։

 Հարցմանն ի  պատասխան նախարարությունն, ըստ էության, նշել էր, որ ասելիք չունեն։ «ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու գործընթացն ամբողջությամբ ազատականացված է, այսինքն` մինչ ներդրումներ իրականացնելը բացակայում է որևէ պետական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կամ համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Հետևաբար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնօրինում է բացառապես այն տեղեկատվությանը, որը ներդրողները նպատակահարմար են գտնում տրամադրել Նախարարությանը՝ ՀՀ կառավարությունից օրենքով սահմանված կարգով արտոնություններ ստանալու որևէ հարցի շուրջ պարզաբանում ստանալու կամ պարզապես իրազեկելու նպատակով», - ասված է նախարարության պատասխանում։

Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք  Փոխվարչապետին՝ նույն հարցերի շրջանակի վերաբերյալ, պարզելու համար, թե մեկ տարի առաջ հայտարարված ներդրումների կատարման ուղղությամբ աշխատանքներ ի վերջո տարվում են, թե ոչ։ Հարցման պատասխանը ստացվեց այն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց՝ նշելով միայն, որ Հայաստանում մասնաճյուղեր են հիմնել «Սերվիս Թայթն» և «Դիսքո» ընկերությունները, սակայն դրանց  վերաբերյալ մանրամասները բացակայում են։ Այսինքն՝ երբ են հիմնել, գործունեություն ծավալում են թե, ոչ՝ փոխվարչապետի գրասենյակը ոչինչ չի հայտնում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է, թե ընթացքի մեջ  է գտնվում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվող նոր բնակելի շենքը, ինչպես նաև նախագծման փուլում է ամերիկահայ գործարարի կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը։

Նկատենք, սակայն, որ այցից հետո հայտարարվել էր արտադրության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարվելու, առնվազն 7 ներդրումային ծրագրի  վերաբերյալ նախնական պայմանավորվածության մասին, որոնց վերաբերյալ մեր  հարցադրումներին  Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզապես չի պատասխանել ու լռության մատնել։

Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկահայ գործարար Դրո Դարբինյանի հետ քննարկվել էր նաեւ սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հարցը։ Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը չէր պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքան ժամանակում է նախատեսվում իրականացնել «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Փոխվարչապետի գրասենյակից անտեսել էին նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվել է, թե ոչ։ Նկատենք, որ ներդրումային նման ծրագրով Տիգրան Ավինյանի այցելության ժամանակ հանդես է եկել «Eco Panel Group Inc» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանը։

Փոխվարչապետն ԱՄՆ այցելության ժամանակ ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Աշոտ Թադևոսյանը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկել է դեղագործության ոլորտում ներդրումային նախնական հակիրճ ծրագիր, որն ուսումնասիրվել է, նախնական դիրքորոշում է ներկայացվել։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը և ծրագրի մանրամասները։

Ինչ վերաբերում է փոխվարչապետի ամերիկահայ գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի ու գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելուն, ապա փոխվարչապետի գրասենյակից անդրադառնում են միայն աղբի վերամշակման հետ կապված ծրագրին, մասնավորապես գրելով.

«Աղբի վերամշակման հետ կապված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ստացել է ամերիկահայ գործարարների մի շարք առաջարկներ, որոնք ընթացք կստանան, երբ կառավարությունը կամբողջացնի ներկայումս մշակման փուլում գտնվող աղբի կառավարման ռազմավարությունը։ Ռազմավարության մշակումը տեղի է ունենում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում, որի հիմնումը ևս այցի արդյունքներից է», - նշված է պատասխանում։

Ի վերջո` փոխվարչապետի աշխատանքային այցից մեկ տարի անց չենք տեսնում առարկայական որևէ գործողություն՝ ուղղված ԱՄՆ-ում ամերիկահայ գործարարների  ներկայացրած ներդրումային ծրագրերի աջակցությանը և դրանց իրագործմանը։ Փոխարենը փոխվարչապետի գրասենյակը հորդորում է  ներդրումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գերատեսչություններ, այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Վերջինս էլ, ինչպես արդեն նշեցինք, չէր տիրապետում ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ տեղեկատվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել