Armenpress.am-ը գրում է.

«Մեկ Հայաստան» կուսակցության  նախագահ Արթուր Ղազինյանն  ԱՄՆ անկախության տոնի առթիվ հուլիսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ամերիկյան ժողովրդին՝ նշելով, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Միաժամանակ, Արթուր Ղազինյանը, որպես  «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ՝ իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Արթուր Ղազինյանը «Արմենպրես»-ին նաև տեղեկացրել է, որ օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելին` խնդրելով և պահանջելով ԱՄՆ սենատում նախաձեռնել քննարկումներ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ: «Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ  չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ այն Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն: Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից»,- ասված է պաշտոնական նամակում:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգի լրջությունը, հատկապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում:

Միաժամանակ,  Արթուր Ղազինյանը հայտնել է, որ նամակի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել