Operativ.am-ը գրում է․

Հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանի եւ նույն ավտոբուսի երկրորդ վարորդի անձնագրերը վրացի դատախազը դեռ չի վերադարձրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտնում է Արտյոմ Խաչատրյանը։ Նշենք, որ քննիչը նրանց ձեռքից վերցրել է անձնագրերը, որպեսզի նրանք չկարողանան հատել Վրաստանի սահմանը եւ հարկ եղած դեպքում քննիչի կանչով ներկայանան քննչական մարմին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ վարորդին ձերբակալել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

35–ամյա վարորդը պատմեց, որ իրենք իրավաբանի միջոցով կարողացել են խոսել դատախազի հետ, իրենց ասել են, որ անձնագրերը շուտով կտան, սակայն հստակ օրը չեն նշել. «Մի քանի օր առաջ էլ էինք խոսել, ասացին՝ երկուշաբթի են տալու, բայց չտվեցին, մեր իրավաբանի միջոցով այսօր կրկին դիմեցինք դատախազին։ Մեր իրավաբանն էլ այսօր մեզ ասաց, որ տալու են, բայց թե երբ են տալու՝ չգիտենք։ Դիմել ենք Հայաստանի դեսպանատուն, մեզ ասացին, որ իրենք էլ կմիջնորդեն, առայժմ սպասում ենք»։

Վարորդը պատմեց, որ իրեն մի անգամ հարցաքննել են, հետո տարել են ԺՊՎ գտնվող խուց։ 48 ժամ պահելուց հետո ազատ են արձակել. «Հունիսի 24-ից Վրաստանում ենք, մինչեւ հիմա որեւէ հիմնավորում չեն տվել անձնագրերը վերցնելու վերաբերյալ, բայց մենք ենթադրում ենք՝ վերցրել են քննության համար, դե որ Հայաստան չգնանք»։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը հայտնել էր, որ Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երեւան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղեւորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել