Անգլիացի բժիշկները Իսփվիչ քաղաքի 21-ամյա բնակչուհու մոտ տոնզիլիտ են ախտորոշել, սակայն իրականում նա տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, հաղորդում է Daily Mail-ը:

Էնի Լավգռոուվը բժիշկներին բողոքել է բերանի խոռոչի բորբոքումից: Նրանք աղջկա մոտ նշագեղձերի բորբոքում են ախտորոշել, համապատասխան դեղամիջոցներ նշանակել և ուղարկել տնային բուժման: Սակայն հաջորդ օրը Էնիի մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41 աստիճան, ինչից հետո նրան հոսպիտալացրել են:

Երկու շաբաթվա ընթացքում մասնագետները, հետևելով աղջկա վիճակին, եզրահանգել են, որ նա տառապում է ապլաստիկ անեմիայով, որը ոսկրածուծի վտանգավոր և հազվագյուտ հիվանդություն է: Արյան հետազոտությունը էրիթրոցիտների և լեյկոցիտների ցածր մակարդակ է ցույց տվել, իսկ անգլուհու իմունային համակարգը հազիվ է աշխատել:

Այդ ժամանակ ոսկրածուծի փոխպատվաստում կատարելու որոշում է կայացվել: Դոնոր է դարձել հիվանդի 17-ամյա քույրը: Վիրահատությունը տեղի է ունեցել մայիսին, ներկայումս հիվանդը վերականգնողական կուրս է անցնում:

Նշվում է, որ այս հիվանդության ուշ ախտորոշումը հանգեցնում է մահվան: Ապլաստիկ անեմիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն ախտորոշվում է տարեկան 100-150 անգլիացու մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել