Առցանց վաճառքի ոլորտի հսկա Amazon ընկերությունն այժմ իր հաճախորդներին տնակներ է առաջարկում, հաղորդում է Fox News հեռուտաընկերությունը: Նշվում է, որ կայքում վաճառվող փոքր տնակների գինը հիմնականում չի գերազանցում 20 000 դոլարը, բացի այդ՝ կայքն այն անվճար առաքում է գնորդներին:

Lillevilla Allwood անունով փոքրիկ տնակը, օրինակ, 18800 դոլար արժե: Վաճառքի հայտարարության մեջ ասվում է, որ այն բավականաչափ մեծ է որպես ամառանոց, գրասենյակ կամ անգամ մանրածախ առևտրի սրահ ծառայելու համար: Տնակն առաքվում է ցուցումների հետ միասին, որին հետևելով կարելի է 2-3 օրում հավաքել այն:

Հայտնի է, որ Amazon-ից առաջ կատալոգի միջոցով տներ է վաճառել նաև Sears ընկերությունը, որը ժամանակին ԱՄՆ-ում մանրածախ առևտրի խոշորագույն ընկերություն էր: Գնորդներին առաքվում էին տնակը պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներն ու ցուցումների թերթիկը, և այդ կերպ ընկերությանը հաջողվել էր 70,000-75,000 տնակ վաճառել: 

Նշենք, որ վերջին տարիներին փոքր տնակները մեծ ժողովրդականություն են վայելում: Անցած տարի ԱՄՆ տուն կառուցողների ազգային ասոցիացիայի հարցման արդյունքում պարզ էր դարձել, որ հարցվածների 53%-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի փոքրիկ տնակ գնելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել