Pastinfo.am-ը գրում է.

«Ես Վահե Գրիգորյանի նամակին առանձնապես լրջությամբ չեմ մոտենում, որովհետև ակնհայտ է այն գրողի մոլուցքը հասնելու ՍԴ նախագահի աթոռին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված մի շարք պետական կառույցների:


Պետրոսյանը նշեց, որ իրենց խմբակցությունը շատ է ցանկանում, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում, ապա ավելացրեց, որ այս պահին դեռ կա ՍԴ նախագահ, որը ընտրվել է լեգիտիմ պահանջների պահպանմամբ:«Եթե նա հրաժարական չի տվել, այլ հիմքով չի ազատվել, անիմաստ է խոսել երկրորդ նախագահի մասին: Վահե Գրիգորյանն ինչ հիմնավորում ուզում է բերի, կա Սահմանադրություն, որի 213-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամները և նախագահը շարունակում են պաշտոնավարել նաև Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»,-ասաց ԲՀԿ պատգամավորը և ավելացրեց, որ ԲԴԽ նորընտիր անդամը շատ բան կարող է մտածել, սակայն օրենքի սկզբունքի թելադրանքի համաձայն՝ այդ մտքերն արդյունք չեն տա:

Պետրոսյանը տեղյակ չէր, թե արդյոք խմբակցությունը պաշտոնապես ստացել է Վ.Գրիգորյանի նամակը, սակայն փաստեց, որ խմբակցությունն այն չի քննարկել, երբ կքննարկի, այն ժամանակ էլ պաշտոնական հայտարարությամբ կնեկայացնի իր տեսակետը:

‹‹Եթե ինքն ամեն գնով այդ աթոռը զավթելու նպատակ ունի, ես իրեն հաջողությւոն չեմ մաղթում, որովհետև հետո կարող է նրա գործողությունները դառնան վիճարկման, քննարկման առարկա: Ինքն է իր գործողությունների կատարողը, որոշումներն ընդունողը, ինչ ուզում է գրի, անձամբ ես այդ նամակին լրջությամբ չեմ վերաբերվում››,-ասաց ԲՀԿ պատգամավորը:

Նա կոչ արեց Գրիրգոյանին դադարեցնել ինտրիգը և ձեռնամուխ լինել իր՝ ՍԴ դատավորի, պարտականությունների կատարմանը:

‹‹Եթե տարիների ընթացքում ինքը կապացուցի, որ որպես դատավոր կայացել է, ոչ ոք դեմ չի լինի, որ նա նախագահ լինի: Բայց երբ դատավորի գործառույթ չիրականացրած անձը առաջին օրվանից ջանք է գործադրում, որ միանգամից հասնի նախագահի պաշտոնին, սա, իմ կարծիքով, մեր պետականաշինության տեսանկյունից օգտակար մոտեցում չէ››,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել