Hraparak.am-ը գրում է.

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանն, այսօր շարունակվող դատական նիստում, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին։

Իբրեւ ինքնաբացարկի հիմք, Կարեն Հակոբյանը ներկայացրեց այն, որ դատավորի ամուսինը՝ ավագ դատախազ Արիս Բարսեղյանը, այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հետ աշխատում է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում։ 

Պաշտպանը գտնում է, որ այս հանգամանքը դատավորի անաչառ չլինելու մասով կասկած է հարուցում: 
Մեղադրող Հայկ Պետրոսյանը չհամաձայնեց պաշտպանի հետ: 

Դատարանը հեռացավ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Ի դեպ, նիստին մասնակցում է նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը: Նա էլ դիմել էր Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը վերաբացելու բողոքով` նոր ի հայտ եկած հանգամանքների։
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Նելլի Բաղդասարյանը մերժեց միջնորդությունը։

Նշենք, որ այս գործով ինքնաբացարկ էր հայտնել Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Դատավորը կասկածներ ուներ, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար:

Ըստ դատավորի՝ երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա և՛ Քոչարյանի, և՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել