Իշխող ուժի տանը կռիվ է ընկել։ Ու քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, «Գիքորի» ու «Համբոյի» տեղերը փոխվել են։ «Համբոն» ու «Գիքորն» արդեն տարաձայնություններ ունեն։ Այլ բան չէր էլ կարող լինել։

Հեղափոխական «Գիքորներն» ու «Համբոներն» այժմ իրար ավելի շատ են ատում, քան «Բազազ Արտեմին»։ Պատճառը շատ «պրոզայիկ» է. ներտեսակային պայքարը միշտ ավելի դաժան է լինում, քան միջտեսակայինը, մանավանդ երբ հեղափոխական «գողոնը» կիսելու հարց կա։

Եթե հեղափոխությունը պահանջում է միասնականություն, ապա հեղափոխության միջոցով իշխանության գալը հանգեցնում է բաժանման։ Նախկին ընկերներն ու համախոհները բաժանվում են և թշնամանում։ Ատելության մթնոլորտը տարածվում է նախ և առաջ թիմի ներսում, ապա՝ հասարակության մեջ։

«Ժողովրդի մարդը» հենց դառնում է «վոժդ», սկսում է վերացնել նախկին հավասարներին։

«Վոժդիզմը» բնորոշ է հեղափոխական առաջնորդներին, որոնք չեն սիրում վկաներին։ Իրենց «նախորդ կյանքի» վկաներին։ Քանզի վկաները երբեք «վոժդին» չեն ընդունի որպես մեսիա (ինչպես հանցագործ աշխարհում, այնպես էլ հեղափոխականների շրջապատում առաջին դեմքերը միշտ չեն սիրում վկաներին)։

«Վոժդի» թիմակից–վկաները գիտեն, թե իրականում ով է «վոժդ» դարձած դուրսպրծուկը։ Հենց դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո «վոժդը» սկսում է դաժան վեթինգի ենթարկել սեփական շրջապատը։ Հին ընկերներին ոչնչացնում է ու զրոներով համալրում նոր թիմը։

Բոլոր հեղափոխությունների կարգախոսները «Մերժի՛ր»–ի ոգով են ներծծված։

Ուշագրավն ու պարադոքսալն այն է, որ «Մերժի՛ր» կարգախոսով իշխանության եկած «վոժդի» համար միշտ էլ ավելի մերժելի են սեփական դիմագիծ ունեցող թիմակիցները, քան նա, ում մերժելով է եկել իշխանության։

Ռոբեսպիերը գիլյոտինի մոտ տարավ իր հեղափոխական ընկեր Դանտոնին։

Ստալինի համար ավելի մերժելի անձ չկար, քան հեղափոխական Տրոցկին։

Հիտլերն իշխանության եկավ բռնությամբ, ու այդ հարցում նրան օգնում էր «կռված տղան»՝ «ԷՍ ԷՅ»–ի ղեկավար Էռնեստ Ռյոմը։ Հետո Հիտլերը կազմակերպեց «երկար դանակների գիշեր», որի ժամանակ սպանվեցին «ԷՍ ԷՅ»–ի գրոհայինները Ռյոմի հետ միասին։ Հիտլերին նրանք արդեն պետք չէին, քանզի նրա նախորդ կյանքի վկաներն էին։ Ֆյուրերը ստեղծեց նոր պատժիչ մեքենա՝ «ԷՍ ԷՍ»։

Սաակաշվիլին «վարդերի» հեղափոխության ժամանակ իշխանության եկավ Ժվանիայի ու Բուրջանաձեի ընկերակցությամբ։ Հետո Ժվանիան սպանվեց, իսկ Բուրջանաձեն հեռացվեց իշխանությունից։

Սաակաշվիլին դարձավ ավտորիտար առաջնորդ, բանտերով անցկացրեց ավելի քան 200 հազար Վրաստանի քաղաքացու, սեփականություն խլեց ավելի քան 36 հազար տնտեսվարող սուբյեկտից, հանձնեց տարածքները, Վրաստանը սարքեց Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ և հիմա փախած է Վրաստանից։

Մի խոսքով՝ ոչ մի նոր բան չկա այս հին աշխարհում, և Հայաստանում տեղի ունեցողը տեղավորվում է օրինաչափությունների մեջ։

Զուտ սպորտային հետաքրքրության հարց է, թե արդյոք որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք Կերենսկո՞ւ տարբերակը, թե՞ այլ սցենար կլինի։

Գլխավոր հարցն այն է, որ այս ընթացքում անվտանգության ուղղությամբ կորուստներ չունենանք։

Ի դեպ, «վոժդի» հեռացումն էլ պետք է կառավարելի լինի, որպեսզի երկիրը չվնասվի։ Գիտությունն այդ ամենի պատասխանն ու ձևերն էլ է տվել։ Կիրառական քաղաքագիտությունը հզոր զենք է, եթե դրանից օգտվել գիտես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել