Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ: Հատուկ սեանսը տեղի կունենա հուլիսի 7-ին: Այդ մասին հայտնել է Ouest-France թերթը: Շառլ դե Գոլի հրապարակում կինոցուցադրության համար Հաղթական կամարի առջեւ կտեղադրվի հսկայական էկրան, իսկ բուն պողոտայում մի քանի շարքով կդասավորվի 1750 շեզլոնգ: Կազմակերպիչների խոսքով՝ Ելիսեյան դաշտերում ֆիլմերի ցուցադրության գաղափարով իրենք ներշնչվել են բաց երկնքի տակ գործող ամերիկյան կինոթատրոններից:

Փարիզի գլխավոր պողոտայում կայանալիք կինոսեանսի նախաշեմին հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 3-ը Ֆրանսիայում նաեւ կանցկացվի ավանդական Կինոյի տոնը, որն այս տարի նշում է իր 35-ամյակը: Փարիզցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ընդամենը 4 եվրոյով կկարողանան այցելել ցանկացած կինոթատրոն, որը մասնակցում է ակցիային:

Անցյալ տարի ակցիայի շրջանակում երկրի կինոթատրոններն ընդունել են 2,7 մլն մարդու: Իսկ ընդամենն առաջին Կինոյի տոնի անցկացման պահից զեղչով տոմսերից օգտվել է մոտավորապես 83 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել