Ավստրալիայում ճանճի նոր տեսակ է հայտնաբերվել, որն Ավստրալիայի գիտական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (CSIRO) կողմից անվանվել է ի պատիվ ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի կերպարներից մեկի, հաղորդում է Fox News-ը:

Միջատն անվանվել է Paramonovius nightking՝ բազմամիլիոնանոց երկրպագուներ ունեցող հեռուստասերիալի գիշերվա թագավորի կերպարի անունով: 

«Նոր տեսակ անվանակոչելը կարգաբանի համար ամենահետաքրքիր ու զվարճալի բանն է իր աշխատանքի մեջ»,- ասել է կազմակերպության միջատաբան Բրայան Լեսարդը: Նա նշել է, որ ճանճի անունն ընտրվել է ասպիրանտուրայի ուսանողներից մեկի կողմից, որը հեռուստասերիալի մեծ երկրպագու է և վկայում է, որ նոր տեսակներ անվանելիս «ոգեշնչանքը կարող է, որտեղից ասես, գալ»:

Paramonovius nightking-ը նկատվում է միայն ձմռանը Արևմտյան Ավստրալիայի մի փոքրիկ տարածքում: Այն փշանման մազիկներ ունի: Միջատաբան Լեսարդը պարզաբանել է, որ այս նոր տեսակը պատկանում է մեղվանման ճանճերի շարքին: Այդ տեսակի ճանճերն արտաքնապես նմանվում են մեղուների՝ խուսափելով թռչունների կեր դառնալուց: Բացի Ավստրալիայից՝ Paramonovius nightkin-ը հանդիպում է նաև հյուսիսային կիսագնդում՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի որոշ տարածքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել