Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ մենք լուր էինք հրապարակել այն մասին, որ Երեւանի պետական համալսարանում շրջում է օպտիմալացումների ուրվականը։ Խնդիրն այն է, որ ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ, որոնք չեն կարողանում ունենալ անհրաժեշտ թվով դիմորդներ, այդ ֆակուլտետներում մրցույթ չի լինում։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատր Գեղամ Գեւորգյանն էլ կողմնակից է արմատական մոտեցումների․  եթե շուկայի հետ տվյալ մասնագիտության առաջարկ-պահանջարկը չի համապատասխանում, նա առաջարկում է դիմել կրճատումների, միավորել ամբիոնները, անհրաժեշտ քանակի դիմորդներ չունեցող ֆակուլտետներն էլ՝ օպտիմալացնել։ 
ԵՊՀ լրատվական ծառայությանը խնդրեցինք տրամադրել այս տարի տարբեր ֆակուլտետներ դիմորդների քանակական տվյալները եւ տվյալ ֆակուլտետներում հատկացված անվճար եւ վճարովի տեղերը։

Մեզ ուղարկեցին մի բավականին ծավալուն ցանկ, որը վերաբերում է 28․06․2019թ․ դրությամբ ըստ 1-ին հայտի ԵՊՀ դիմորդների շարժին։  Ցանկում մանրամասն նշված են, թե որ մասնագիտությամբ քանի անվճար եւ վճարովի տեղեր են հատկացված, քանի դիմորդ է դիմել թե՛ անվճար, թե՛ վճարովի տեղերի համար։ Ցանկից երեւում է, որ վերջին տարիներին  ժամանակի պահանջները բավարարող, նոր ժամանակների շունչն իրենց մեջ կրող նոր մասնագիտություններ են ավելացել (ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա, տեղեկատվական անվտանգություն,  հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում, սննդի անվտանգություն, ֆարմացիա, սերվիս, քարտեզագրություն եւ կադաստրային գործ, կովկասագիտություն, հանրային կառավարում, կառավարում (ըստ ոլորտների), միջմշակութային հաղորդակցություն)։ 

Թե որ մասնագիտություններն են հայտնվել դիմորդների անտարբերության կիզակետում, դիմորդների ինչ կորուստ են ունեցել, ներկայացնենք հերթով։

«Մաթեմատիկա» մասնագիտության 56 անվճար եւ վճարովի տեղերի համար դիմել է 38 հոգի, «Ֆիզիկա» մասնագիտության 67 տեղի համար՝ 31 հոգի, «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտության 30 տեղի համար՝ հինգ հոգի, «Ռադիոֆիզիկա» մասնագիտության 60 տեղի համար՝ 43, «Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտության 21 տեղի համար՝ 10 հոգի։

Տխուր է պատկերը նաեւ «Հեռահաղորդակցության եւ ազդանշանների մշակում» մասնագիտության համար․  21 տեղի համար դիմել է 10 հոգի, «Քիմիա» մասնագիտության 28 տեղին բաժին է հասել ընդամենը 10 դիմորդ։

Մեր երիտասարդները, ինչպես երեւում է, առանձնապես հետաքրքրված չեն նաեւ «Սննդի անվտանգություն» (24 տեղի համար՝ ինը դիմորդ), «Ֆարմացիա» (66 տեղի համար՝ 35 դիմորդ), «Կենսաբանություն» (57 տեղի համար՝ 23 դիմորդ), «Կենսաքիմիա» (40 տեղի համար՝ 24 դիմորդ), «Կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա» (32 տեղի համար՝ 7 դիմորդ), «Աշխարհագրություն» (61 տեղի համար՝ 11 դիմորդ) մասնագիտություններով։

Իսկ ահա տարաբախտ «Երկրաբանություն» մասնագիտության 41 տեղի համար դիմել է ընդամենը մեկ հոգի։ Դիմորդներին չեն  հրապուրում նաեւ քարտեզագրությունը եւ կադաստրային գործը, որի 42 տեղի համար դիմել է ընդամենը 10 հոգի, արվեստաբանությունը (43 տեղի համար՝ 21 հոգի), մշակութաբանությունը՝ (43 տեղի համար՝ 32 հոգի), կովկասագիտությունը (43 տեղի համար՝ 36 հոգի), հնագիտությունը եւ ազգագրությունը (33 տեղի համար՝ 9 հոգի), քաղաքագիտությունը (75 տեղի համար՝ 58 հոգի), փիլիսոփայությունը (44 տեղի համար՝ 19 հոգի), հոգեբանությունը (75 տեղի համար՝ 32 հոգի), սոցիոլոգիան (44 տեղի համար՝ 19 հոգի), սոցիալական աշխատանքը (76 տեղի համար՝ 66 հոգի), սոցիալական մանկավարժությունը (42 տեղի համար՝ 14 հոգի)։

Ժամանակին խիստ պահանջված, դաժան մրցակցության գերին դարձած պատմության, հայոց լեզվի եւ գրականության, ռուսաց լեզվի եւ գրականության մասնագիտություններն այսօր եւս հետաքրքրություն չեն ներկայացնում դիմորդների համար։ «Պատմություն» մասնագիտության 63 տեղի համար դիմել է 63 հոգի, «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտության 120 տեղի համար՝ 96 հոգի, «Ռուսաց լեզու եւ գրականություն» մասնագիտության 39 տեղի համար՝ 23 հոգի։ «Անգլերեն եւ հաղորդակցություն» հարցում էլ դիմորդների առատություն չի նկատվում։ Տարօրինակ է, բայց փաստ․ «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու եւ հաղորդակցություն» մասնագիտության 70 տեղի համար դիմել է 25 հոգի, «Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու եւ հաղորդակցություն» մասնագիտության 70 տեղի համար՝ 41 հոգի, «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու եւ հաղորդակցություն» մասնագիտության 70 տեղի համար՝ 29 հոգի, «Անգլերեն լեզու, իտալերեն լեզու եւ հաղորդակցություն» մասնագիտության 39 տեղի համար՝ 15 հոգի։ 

Եվ փաստորեն ԵՊՀ ղեկավարությանը ֆակուլտետները, բաժինները միավորելու, մասնագիտությունների ցանկը վերանայելու ծանր խնդրի առջեւ է կանգնած։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել