Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցված Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդյունքում բացահայտվել են 3400 տարի առաջ կառուցված պալատի ավերակները: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Ավերակների վայրում հնագիտական պեղումներ իրականացող քրդերից ու գերմանացիներից կազմված խումբը հայտարարել է, որ այս ակամա բացահայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրության մասին, որը Հին Մերձավոր Արևելքի ամենաքիչ ուսումնասիրված կայսրություններից է:

«Սա տարածաշրջանում վերջին տասնամյակներին արված ամենակարևոր հնագիտական բացահայտումներից է»,- ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը:

Ենթադրվում է, որ պալատն ի սկզբանե գետից մոտ 20 մետր բարձրության վրա է եղել, իսկ ավելի ուշ կառույցը կայունացնելու նպատակով կավե աղյուսներից պատ է կառուցվել՝ ընդգծելով պալատի տպավորիչ ճարտարապետությունը:

Հնավայրում հատյնաբերվել են որմնանկարներ և հնագույն տեքստեր: Վերջիններս ուղարկվել են Գերմանիա՝ վերծանելու:

Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց հնավայրը կրկին ջրի տակ է անցել, և հայտնի չէ, թե երբ կրկին ի հայտ կգա:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել