Մարդիկ համարում են, որ արարքները բառերից կարևոր են, սակայն երբեմն նաև որոշ արտահայտություններ շատ մեծ ազդեցություն են ունենում հարաբերություններում հաջողություն գրանցելու գործում: Դա կարող է լինել ոչ միայն «Ես քեզ սիրում եմ»-ը, այլ ամենասովորական «կներես»-ն ու «շնորհակալություն»-ը: Այժմ տեսնենք, թե ինչ արտահայտություններ է պետք հաճախ ասել զուգընկերներին սերն արտահայտելու համար:

Դու կարող ես ինձ վրա հույս դնել

Միշտ էլ ավելի հաճելի է այս արտահայտությունը լսել, քան «Ահա թե ինչ պետք է դու անես»-ը: Շատ կարևոր է, որ քո զուգընկերը քեզ համար պաշտպան լինի, քարե ամրոց, ուր դու հանգիստ ու ապահով կզգաս քեզ: Ձեր կողքին ունենալով այնպիսի մարդու, ով կօգնի ձեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ու զգայական մակարդակում, դուք ավելի ինքնավստահ եք դառնում: Սակայն միևնույն ժամանակ պետք է հիշել, որ շարունակ զուգընկերոջ խնդիրները լուծելով` նա դադարում է ձեզ շնորհակալ լինել օգնության համար:

Շնորհակալություն

Այս բառը կարող է բավականին դատարկ բան թվալ, սակայն երբեմն մենք մոռանում ենք այն արտաբերել: Զուգընկերոջը շնորհակալություն հայտնելը նրա մոտ սեփական կարևորության զգացում է հարուցում, ինչպես նաև հասկացնել է տալիս, որ դուք գնահատում եք այդ հարաբերությունները: Այդ պատճառով էլ հաջորդ անգամ, երբ ձեր կինը ձեզ համար համեղ ճաշ պատրաստի, անպայման նրան շնորհակալություն հայտնեք:

Ես սխալ էի

Շատ դժվար է հարաբերություններ կառուցել համառ մարդու հետ կամ նրա հետ, ով երբեք իր սխալները չի ընդունում: Փոխհասկացվածության բանալին իրավիճակին ոչ միայն իր, այլև երկրորդ կեսի տեսանկյունից նայելու ունակությունն է: Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալներն ու ստեղծված կոնֆլիկտի համար պատասխանատվություն կրել:

Կներես ինձ

Այս արտահայտությունն անբաժանելիորեն կապված է նախորդի հետ: Կատարյալ մարդիկ չկան, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն: Սակայն որքան վեճեր կարող են լուծվել սովորական «կներես»-ով: Ընդ որում՝ այն պետք է անկեղծորեն ասել, երբ դուք ամբողջովին կընդունեք ձեր մեղքը:

Դու այնքան գեղեցիկ ես

Կինը երբեք չի ձանձրանա այս արտահայտությունը լսելուց, հատկապես եթե այն սիրելի տղամարդն է արտաբերում: Նա շատ տարբերակներ կարող է ունենալ` սկսած «Քեզ այս զգեստը շատ է սազում»-ից մինչև «Ինձ քո նոր սանրվածքը դուր է գալիս»-ը: Ձեր կեսի համար շատ կարևոր է իրեն հմայիչ ու անկրկնելի զգալ:

Իսկ դո՞ւ ինչ ես մտածում

Արտաբերելով այս արտահայտությունը` զուգընկերը հասկացնել է տալիս, որ ինքն ամեն բան իր մտածածով չի ուզում անել, այլ իր համար իսկապես կարևոր է ձեր կարծիքն այս կամ այն իրավիճակի վերաբերյալ: Հատկապես էական դեր դա խաղում է այն ժամանակ, երբ դուք լուրջ թեմա եք քննարկում կամ ապագայի մեծ պլաններ եք կազմում:

Ես այնքան ուրախ եմ, որ հենց քեզ հետ եմ ամուսնացել

Ամուսնական հարաբերությունների մեջ մտնելիս մենք երազում ենք, որ այն կատարյալ լինի ու ողջ կյանքի համար, այդ պատճառով էլ այս արտահայտությամբ զուգընկերը ցուցադրում է իր իսկական ու հավերժական սերը:

Պատմիր ինձ…

Բոլոր մարդկանց դուր է գալիս, երբ իրենց ուշադրությամբ լսում են ու չեն ընդհատում: Երբեմն այնքան կարևոր է ունենալ այն մեկին, ում հետ հեշտությամբ կարող ես զրուցել ամեն ինչի մասին: Եվ հատկապես հաճելի է, երբ երկար ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո զուգընկերը պատրաստ է լսել ձեր պատմությունն ամբողջությամբ, անգամ ամենայն մանրամասնություններով: Նա միշտ ուժ ու ժամանակ կգտնի ձեզ հետ զրուցելու համար:

Ես հավատում եմ քեզ

Ձեր զուգընկերը ոչ միայն ձեր նեցուկն է, այլև լավագույն ոգեշնչողը: Նա կիսում է ձեր հետաքրքրությունները, և ինչ էլ որ դուք անեք, ձեր երկրորդ կեսը միշտ կհավատա, որ ձեզ մոտ ամեն բան կստացվի: Չարժե թերագնահատել այս բառերի ուժը: Դրանք օգնում են ընտանեկան կյանքի բարդությունները լուծել ու կյանքն ավելի լավը դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել