Google ընկերությունը հայտարարել է իր քարտեզագրման ծառայության նոր գործառույթի մասին, որը թույլ է տալիս կանխատեսել տրանսպորտային միջոցի ծանրաբեռնվածության աստիճանը՝ լինի դա ավտոբուս, գնացք կամ մետրո, գրում է ITC-ն:

Google-ը այս տեղեկությունը տրամադրում է հիմնվելով նախորդ տվյալների վրա: Մի քանի ամսվա ընթացքում որոնողական հսկան Google Maps-ի օգտատերերին խնդրել է երթուղիների ծանրաբեռնվածության մակարդակի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Ամեն անգամ տրանսպորտից օգտվելուց հետո նրանց առաջարկվել է ընտրել չորս տարբերակներից մեկը՝ շատ ազատ նստատեղեր, քիչ ազատ տեղեր, միայն կանգնած տեղեր և կանգնած տեղեր առավել նեղ տարածքում:

Ընկերությունն այժմ բավականաչափ տվյալներ ունի, որպեսզի տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածության կանխատեսումներ առաջարկի օգտատերերին, որոնք պլանավորում են իրենց ամենօրյա երթուղիները: Նոր գործառույթն արդեն աշխատում է աշխարհի 200 քաղաքներում:

Բացի այդ՝ Google Maps-ը ցույց կտա նաև ավտոբուսների ուշացումն իրական ժամանակում այն վայրերում, որտեղ ուղևորները հնարավորություն չունեն այդ տեղեկությունը ստանալու անմիջապես տեղի տրանսպորտային ընկերություններից:

Այժմ դուք կարող եք տեսնել, թե արդյոք ձեր ավտոբուսը ուշանում է, և որքան կտևի դա, ինչպես նաև ավելի ճշգրիտ ժամանակը ճանապարհին՝ կախված երթուղով շարժման պայմաններից:

Այս բոլոր տեղեկությունները կցուցադրվեն քարտեզի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել