Tert.am Life գրում է․

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը հունիսի 6-ին Youtube-ի իր էջում տեղադրել էր 90-ականներին հայտնի «Ով է նա» երգի իր կատարումը նոր գործիքավորմամբ։ Ավելի ուշ երգի հոլովակը հեռացվեց Youtube-ից Մարի անունով մի կնոջ պահանջով, որին նվիրված է եղել այդ երգը։ Պատճառն այն է, որ «Ով է նա» երգի հեղինակ Արթուր Գալստյանը, որը շոու բիզնեսում գործունեություն է ծավալել 90-ականներին և համագործակցել է «Արձագանք» ստուդիայի հետ, նրան մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար։ Արթուր Գալստյանի իրավունքը 2001 թվականից գրանցված է «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունում:

Երգը Youtube-ից հեռացնելով, սակայն, խնդիրը չի լուծվել: Արթուր Գալստյանը մտադիր է դատական գործ սկսել: Tert.am Life-ը զրուցել է կողմերի հետ և ներկայացնում է նրանց տեսակետները։

Գևորգ Մարտիրոսյանի պնդմամբ՝ երգի պրեմիերայից երկու ամիս առաջ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Գալստյանի հետ և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն։ «Հիմա իրենք ուզում են դատի տալ, թող տան, դատարանը կորոշի։ Երգը կատարելու մասին նախապես եմ պայմանավորվել: Ես երեխա չեմ, ինքս հեղինակ-կատարող եմ և այդ ամենից շատ լավ հասկանում եմ։ Ինչպե՞ս կարող էի տեղյակ չպահել։ Իմ սխալն այն էր, որ չէի մտածել՝ կարող են նման բան անել և գրավոր պայմանավորվածություն ձեռք չեմ բերել։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ կարող ես մարդու հետ լրիվ ընկերական խոսել, հետո նման բան անեն»,- ասաց Գևորգը։

Արթուր Գալստյանի փաստաբանը՝ Լուսինե Վիրաբյանը, հակադարձւմ է․ «Սկսենք այնտեղից, որ նման հարցերը ուղղակի զանգով լուծում չեն կարող ստանալ։ Մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացվել, որ եղել է նման պայմանավորվածություն։ Համապատասխան թույլտվության համար պետք է պայմանագիր կնքվեր, որպեսզի Գևորգ Մարտիրոսյանը կարողանար երգն օգտագործել։ Այս պահին մենք ունենք իրավիճակ, երբ Գևորգը վերցրել ու կոմերցիոն նպատակով օգտագործել է երգը, հիմա էլ պատճառաբանում է, որ հեռախոսազրույց են ունեցել։ Ո՞վ է ասում, որ հեռախոսազրույց են ունեցել։ Մյուս կողմն էլ ասում է, որ իրենք հեռախոսազրույց չեն ունեցել։ Օրենքով սահմանված կարգով պետք է պայմանագիր կնքեին։ Մեր պահանջը մեկն է, որպեսզի դադարեցնեն հեղինակային իրավունքների խախտումը և, բնականաբար, դրա հետևանքով կրած վնասն ու բացթողնված օգուտը վերականգնվեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել