Hraparak.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Տարբեր անուններ են շրջանառվում։ Ամենավերջինն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համակուրսեցին է՝ Խաչատուր Ավետյանը, որը նաեւ նախարարի՝ նարկոլոգիական գծով խորհրդական Սուրեն Նազինյանի մտերիմն է։ Ավետյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով․ «Այս պահին ոչ մի մեկնաբանություն՝ դրա հետ կապված, չեմ կարող անել։ Այս պահին դրա մասին չեմ ցանկանում զրուցել, քանի որ ժամանակից շուտ է, իրադարձությունները որ տեղի ունենան, պարզ կլինի։ Ուղղակի ժամանակից շուտ չեմ ուզում ինչ-որ փակագծեր բացել կամ ինչ-որ բաների մասին խոսել, որոնք դեռ տեղի չեն ունեցել»։

Հայտարարված մրցույթի վերաբերյալ էլ ասաց․ «Վերջնաժամկետին դեռ բավականին երկար կա՝ դիմելու համար, դեռ չեմ դիմել։ Էս պահին չգիտեմ՝ կդիմ ե՞մ, թե՞ չէ»։ Նշենք, որ Խաչատուր Ավետյանը նախկինում աշխատել է նարկոլոգիական կենտրոնում, եղել է բաժնի ղեկավար, այս պահին էլ աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես հոգեբույժ-փորձագետ։ Հիշեցնենք․ մենք գրել էինք նաեւ, որ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնի համար էլ շրջանառվում է Արսեն Թորոսյանի մեկ այլ համակուրսեցու՝ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել