Hraparak.am-ը գրում է.

Երբ ամիսներ առաջ ձեւավորվում էր Ազգային ժողովը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, թե չեն գնալու նախկինների ճանապարհով, ԱԺ-ն չեն դարձնելու կառավարության դակիչ մարմին, ստեղծելու են իրական հակակշիռների ինստիտուտ։ Կես տարի էլ չի անցել, բայց հակառակ պատկերն ունենք։ «Իմ քայլում» հավսար-զգաստ ռեժիմով կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունում հաճախ չեն իմանում, թե ինչ է իրենց սպասվում՝ ինչ օրենք են բերելու, ինչպես են իրենք քվեարկելու, եւ ամենակարեւորը՝ ինչու են հենց այդպես քվեարկելու։ Շատ բան իմանում են վերջին պահին՝ մի քանի ընտրյալների շուրթերից, երբեմն՝ նրանց պահվածքից։ Օրինակ, երբ Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Հրաչ Հակոբյանը կամ Սիփան Փաշինյանը որեւէ հայտարարություն են անում, ելույթ ունենում, ինչ-որ մեկին ծեփում պատին կամ ինչ-որ հարց բարձրացնում, խմբակցությունում ենթադրում են, որ նրանց կոնկրետ հրահանգ է իջեցվել Փաշինյանից, ում իրենք միայն «տոն» օրերին են տեսնում, առավել եւս՝ լսում, իսկ վերը նշված անձինք՝ ավելի հաճախ։ 

Օրինակ, օրերս երկրորդ ընթերցման ժամանակ տապալված օրինագիծը, որով Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է ընդլայնվեր, իմքայլականների համար շատ տարօրինակ ձեւով է տապալվել։ Նրանք ենթադրել են, որ Նիկոլայ Բաղդասարյանն ուղիղ դուրս է եկել Փաշինյանի վրա եւ նրան համոզել, որ Արա Զոհրաբյանի բերած օրինագիծը չպետք է ընդունվի։ Ավելին՝ ասում են, որ Կոլիկի ձեռքով Փաստաբանների պալատի դեմ գործընթաց է ծավալվելու, եւ նպատակն այն է, որ Զոհրաբյանին զրկեն փաստաբաններին լիցենզիա տալու հնարավորությունից, մեկ միասնական պալատի փոխարեն մի քանի նման մարմին ունենան եւ, ի վերջո, հասնեն նրան, որ Զոհրաբյանը հեռացվի՝ ոչինչ, որ հընթացս նաեւ փաստաբանական ինստիտուտը կոչնչացվի։ Կամ՝ մի քանի օր առաջ «Լուսավոր Հայաստանի» հետ բախվելու առիթը, երբ Էդմոն Մարուքյանի՝ քաղավիացիայի «նանարին», որն այս մեկ տարում լիուլի ապացուցել է իր պրոֆեսիոնալ անկարողությունը, «սիրուն աղջիկ» անվանելը ոչ ոք չի հասկացել, թե ինչու այդքան աղմուկի տեղիք տվեց։ Եվ քանի որ դա նախաձեռնողը Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով նախկին օգնական Արեն Մկրտչյանն էր, ով բավականին պասիվ է ու իր յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում է վարչապետի հետ, «Իմ քայլում» ենթադրել են, որ հենց վարչապետն է վիրավորվել Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին արված «սիրուն աղջիկ» անմեղ արտահայտությունից։ Առավել եւս զարմացել են «Իմ քայլի» կանայք, որոնց հասցեին եւ առհասարակ՝ վերջին մեկ տարում շատ կանանց հասցեին վերջին հայհոյանքներն են հնչել, իսկ Արեն Մկրտչյանն ու մյուսներն այդ հայհոյանքներից, չգիտես ինչու, չեն վրդովվել։ Երեկ փորձեցինք Արեն Մկրտչյանից պարզել, թե ինչու որոշեց նախահարձակ լինել, օրակարգից դուրս ելույթ ունենալ ու պաշտպանել «սիրուն աղջկա» թասիբը։ Մեր բոլոր հարցերին ի պատասխան՝ նա կրկնում էր․ «Նո քոմենթ, չեմ պատասխանելու»։ 

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Մկրտչյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովից կտեղափոխվի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով, որը նաեւ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում։ Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այդ ռոտացիան պայմանավորեց խմբակցությունում նոր պատգամավորի համալրմամբ․ Նարինե Թուխիկյանի՝ փոխնախարար դառնալուց հետո Արթուր Հովհաննիսյանը մանդատ ստացավ եւ կընդգրկվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, իսկ Արեն Մկրտչյանը կտեղափոխվի պաշտպանության հանձնաժողով։ Այդ որոշումը, մեր տեղեկություններով, կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը․ նա կարծում է, որ Արեն Մկրտչյանն իր պոտենցիալով օգտակար կլինի հատկապես ապրիլյան դեպքերի քննության ժամանակ, քանի որ լրագրողական գործունեության ընթացքում ՊՆ-ի վերաբերյալ հետաքննական նյութեր է պատրաստել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել