Hraparak.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել Փակ շուկայի հարակից տարածքների բոլոր տները։ Նմանատիպ հայտարարություն երեկ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում արեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, երբ քննարկվում էր Լեոյի 35 հասցեում գտնվող տան խարխուլ վիճակի մասին հարցը։ Թե ինչ նպատակով է Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը գնում այդ տները՝ ավագանու նիստի ժամանակ հայտնի չդարձավ։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսանյանի, շուկայի ղեկավարի հետ, սակայն նրանցից եւ ոչ մեկը հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ի վերջո, Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում ենթադրություններ արեց, թե ինչի համար կարող էր Ալեքսանյանը գնել այդ տները․ «Սեփականատերը մի քանի տներ արդեն գնել է, Փակ շուկայի ետեւի մուտքը նեղ է, այնտեղ ասֆալտ են արել, որը տարիներով չի եղել։ Հավանաբար, պահեստային մասի համար կամ երեւի էլի բարեկարգման համար։ Բայց այս պահին, եթե չեմ սխալվում, դադարեցված է մեր վերջին խոսակցությունից հետո, որովհետեւ մենք էնտեղ կիսավթարված տուն ունենք, մենք բանակցում էինք, ասում էինք՝ եթե ցանկություն կա, եթե հասնելու եք էնտեղ, տունը գնեին, բայց էս պահին չեն շարունակում, բայց պլաններում կա ընդլայնելը։ Էնտեղ շատ հին խարխուլ տներ են»։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ է սկսվել տների գնման գործընթացը․ «Հիմա արդեն բարեկարգումից բացի որեւէ բան էնտեղ չի կատարվում։ Բարեկարգումը ենթադրում է, որ հանրային վայրեր կարա լինի կամ տնտեսական գործունեության համար, դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում, գոտին թույլ է տալիս, որ այդտեղ կարող է լինել ե՛ւ շենք, ե՛ւ որոշակի բիզնես, քանի որ խիտ է շինարարությունը, եւ բնակելին, չեմ կարծում, որ հնարավոր կլինի ինչ-որ բան անել։ Ծրագիրը շատ ավելի շարունակական եւ խորն է, տների հինգ տոկոսն էլ գնված չէ, պետք է շատերը գնեն, բայց այս պահին արդեն կանգնեցրել են։ Կարծում եմ՝ մինչեւ 4 հազար քառակուսի կա էնտեղ, նախկին մանկապարտեզ կա։ Փակ շուկայի հետեւի փողոցը շատ վատ վիճակում էր, անգամ մեքենաները չէին անցնում, բայց պարոն Ալեքսանյանը բարեկարգել ա, ասֆալտապատել ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել