Ֆրանսիայի գյուղատնտեսության և արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես արգելել է կենդանիների տեղափոխումը բարձր ջերմաստիճանի ժամանակաշրջանում: Այդ մասին գերատեսչության ղեկավար Դիդիե Գիյոմը հունիսի 27-ին հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում:

«Երեկ ես որոշում եմ ստորագրել կենդանիների, այդ թվում՝ արտահանման համար նախատեսվածների տեղափոխումն արգելելու մասին: Չի կարելի թույլ տալ, որ նրանք այս եղանակին մնան բեռնատարներում ու գնացքների վագոններում»,- ընդգծել է նախարարը:- Նրա խոսքով՝ այս միջոցը կձեռնարկվի «մի քանի օր այս շաբաթվա ընթացքում» և, հնարավոր է, հաջորդ շաբաթվա սկզբին, եթե տապը չմեղմանա:

Շոգ եղանակը շաբաթվա սկզբից հաստատվել է Ֆրանսիայի կենտրոնական մասում, իսկ այնուհետև՝ նաև երկրի ամբողջ տարածքում: Ներկայում Meteo France պետական օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է պահպանում հանրապետության մայրցամաքային մասի 94 դեպարտամենտից 78-ում: Հունիսի 26-ին օդերևութաբանները հայտնել են հունիսի նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին. 34.9 աստիճան է կազմել Ֆրանսիայի միջին ջերմաստիճանը: Վերջին անգամ նման տապ, բայց 0.5 աստիճանով պակաս, գրանցվել է 1952 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել