Բրիտանական «Wanderlust» ճամփորդական ամսագիրը առաջարկել է 7 գեղատեսիլ վայր, որն արժե տեսնել Հայաստան այցելելիս:

1. Եղեգնաձոր

Եղեգնաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի հարավում՝ Վայոց Ձորի մարզում: Մոտակայքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Նորավանք վանական համալիրը:

2. Ջերմուկ

Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Այն զբոսաշրջիկների շրջանում բավականին հայտնի է իր բուժիչ, հանքային ջրերով, իսկ ձմռանը այն վերածվում է դահուկասահքի համար հիանալի վայրի:

3. Դիլիջան

Դիլիջանն առանձնանում է իր կլիմայական պայմաններով և էկոհամակարգով: Այստեղ է գտնվում Դիլիջանի Ազգային պարկը իր գեղեցիկ անտառներով: Դիլիջանը հաճախ անվանում են «Հայաստանի Շվեյցարիա»: Այստեղ է գտնվում նաև գեղատեսիլ Պարզ լիճը:

4. Արագած լեռ

Արագածը 4 գագաթից բաղկացած լեռ է, որը տեսանելի է մայրաքաղաք Երևանից: Այն հիանալի վայր է մեկօրյա ճանապարհորդության համար, հատկապես եթե դուք սիրում եք լեռնագնացությամբ զբաղվել: Այստեղ կան ավանդական ռեստորաններ, որտեղ կարելի է համտեսել ավանդական խաշ և հիանալ տեսարանով:

5. Գեղարդ

Գեղարդը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզում: Գեղարդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, մոտ է Երևանին և հարմար է մեկօրյա ճանապարհորդության համար:

6. «Տաթևեր»

«Տաթևերը» աշխարհի ամենաերկար ճոպանուղին է՝ ձգվելով գրեթե 6 կիլոմետր Հալիձորի և Տաթևի վանքի միջև: Ճոպանուղով ուղևորությունը տևում է մոտավորապես 12 րոպե:

7. Սևանա լիճ

Ամռանը Սևանա լիճ այցելելը լավ տարբերակ է քաղաքի տապից փախուստի համար: Այն Կովկասի ամենամեծ լիճն է և աշխարհում ամենամեծ քաղցրահամ լճերից է: Ջուրը մաքուր է և կապույտ: Այստեղ կան բազմաթիվ լողափեր, որտեղ դուք կարող եք պարզապես նստել և հանգստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել