«Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկության մասին, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

«Այդ քվեարկությամբ կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը. անպատասխանատվություն, անլրջություն, անտրամաբանություն և պետական մտածելակերպի բացակայություն: Իսկ այդ ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց պատճառաբանություններ, լուսանկարներ հրապարակեց, ինչն արդեն ծիծաղելի է: Պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես արհամարհել է քվեարկությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կողմ էին քվեարկել:

Խնդիրը հետևյալն է. իշխանության ներկայացուցիչները կոնկրետ առաջնորդվում են իրենց անձնական և թիմային շահերով, այստեղ պետական շահի մասին խոսք լինել չի կարող: Այս ամենը կյանքի կոչելով՝ փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին, ցույց տալ, որ իրականում այդպես չի եղել, բայց, ինչպես ասում են ռուսները, «Москва слезам не верит»: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից մանկամիտ պատճառաբանություններ են հնչում, ինչպիսին, օրինակ, «միամիտ տեղը հեռախոսը գողանալու» դեպքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա այս ամենը «հեռախոսս էին գողացել» տրամաբանության մեջ է դիտարկում ու հռետորական հարց է տալիս. «Չեմ հասկանում՝ հիմա արտաքին քաղաքականության առումով մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում: Կոնկրետ վերոնշյալ քվեարկությամբ մեզ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շնորհակալություն չեն ասելու:

Ռուսաստանի համար սա վիրավորանք է լինելու, իսկ Արևմուտքի համար այս քվեարկությունը ոչ մի արժեք չունի, որովհետև Արևմուտքը ոչ թե խոսքերին, այլ գործերին է հավատում: Բացի այդ, Արևմուտքն ինքն էր կողմ, որ Ռուսաստանն իր ձայնը վերականգնի ԵԽԽՎ-ում: Արևմտաեվրոպական երկրները մինչ քվեարկությունը բավականին մեծ լոբբիստական աշխատանք են տարել՝ հօգուտ Ռուսաստանի: Եվ այս առումով ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանի պատվիրակության երկու ներկայացուցիչներն իրենց քայլերով մեծ խնդիրներ են ստեղծում մեր պետության համար:

Այս ամենը ցուցիչն է նրա, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները կա՛մ բացարձակ չեն վերահսկում արտաքին քաղաքականությունը, կա՛մ նման քայլերը միտումնավոր են արվում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ նման գործելաոճով նրանք շատ երկար չեն կարող առաջնորդվել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել