Մի քանի օր առաջ ես մի վերլուծական էի կազմել, որտեղ տարբեր երկրների օրենսդրության մեջբերումներով հիմնավորել էի, որ այդ երկրներում Սահմանադրական դատարանի «դատավոր» և «անդամ» բառերը հոմանիշներ են և առանց որևէ սկզբունքի պահպանման հավասարապես օգտագործվում են այս երկու հասկացությունները, անգամ նույն նախադասությունում:
Պարզվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ևս բացառություն չի եղել: ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մայր տեքստում՝ ԱԺ,17.01.2018,ՀՕ-42-Ն, օգտագործվում է և՛ «Սահմանադրական դատարանի դատավոր» և «Սահմանադրական դատարանի անդամ» հասկացությունները: Այդ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնելու Սահմանադրական դատարանի նախագահին կամ այլ անդամի», իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
5. …Սահմանադրական դատարանի դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ սահմանադրական օրենքից «Սահմանադրական դատարանի անդամ» հասկացությունը հանվել է Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-5-Ն օրենքով, որն ընդունվել է 29.03.2019 թվականին, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ2019.04.10/24(1477): Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` oրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «անդամի» բառը փոխարինել «դատավորի» բառով, իսկ 5-րդ մասում «անդամների» բառը՝ «դատավորների» բառով:
Հիմա հարց. ո՞ւմ մտքով է անցել այս բառերը հանել մի նախագծով, որի նպատակը միայն Սահմանադրական դատարանի որոշման կատարումն է, որում որևէ բառ չկա «անդամ» բառը «դատավոր» բառով փոխարինելու մասին: Արդյո?ք դեռ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ պարոնի հետ չեն ուրվագծել հանրությանը մատուցվող այս տխրահռչակ տարբերակը:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել